Այս տարի «Մնձուրի բնության և մշակույթ»-ի 21-րդ փառատոնը, որը կրում է «Մենք պաշտպանում ենք բնությունն ու կյանքը ընդդեմ հանքարդյունաբերության թալանի» կարգախոսը, տեղի կունենա օգոստոսի 3-6-ը Դերսիմում։ Դերսիմի նահանգապետարանը հանձնարարել է փառատոնի կազմկոմիտեին՝արգելել մի շարք երաժշտական խմբերի, այդ թվում՝ հայկական «Վերադարձ» ազգագրական համույթի ելույթները։
Դերսիմ Հայ Պլատֆորմ-ը արձագանքել է նահանգապետարանի որոշմանը և այդ առիթով հայտարարություն տարածել․ «Մեծ ցավով և անհանգստությամբ տեղեկացանք, որ Դերսիմի նահանգապետարանի կողմից արգելվել է հայկական ազգագրական «Վերադարձ» խմբի ելույթը «Մնձուրի մշակույթի և բնության» 21-րդ փառատոնում։ Այս որոշումը ստվեր է նետում մեր մշակութային հարստության և մարդկանց միջև կամուրջներ կառուցելուն մղված ջանքերի վրա: Որպես Դերսիմ Հայ պլատֆորմ կազմակերպություն մենք դեմ ենք բոլոր տեսակի խտրականություններին ու նախապաշարմունքներին և աջակցում ենք մարդկանց՝ ազատորեն արտահայտելու իրենց մշակութային ինքնությունը: Մշակույթների միջև փոխըմբռնման և հարգանքի հիման վրա կառուցված փոխգործակցությունը հասարակությունների միջև ձևավորում է համերաշխության և եղբայրության ամուր կապ: Մշակութային բազմազանությունը մարդկության ժառանգության մի մասն է, և այն ավելի է հարստանում տարբեր մշակույթների փոխգործունեությամբ: Այդ պատճառով տարբեր մշակույթներ ներկայացնող արվեստագետների և խմբերի ընդգրկումը այնպիսի կարևոր միջոցառմանը, ինչպիսին Մնձուրի փառատոնն է, քայլ է, որն ամրապնդում է սոցիալական ինտեգրումը։ Աջակցենք «Վերադարձ» ազգագրական խմբի մասնակցությունը Մնձուրի փառատոնին և ձեռք ձեռքի տանք հանդուրժողականությամբ և սիրով լի ապագայի համար»: