Նժդեհյան գաղափարներով դաստիարակված ու մեծացած 20-ամյա Արտաշես Հակոբյանը մայր հողին ամուր կանգնած ու մեծ հայրենասեր էր։ Երբ խոսում էին Հայաստանից արտագաղթելու մասին, կտրականապես դեմ էր արտահայտվում, ասում էր․ «Որ ուրիշ երկրում ապրես, երկիրդ ո՞վ պիտի պահի, զարգացնի։ Եթե վիճակը վատ է, մարդ դրանից պիտի դասեր քաղի, շտկի»:
Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, երկու ամիս էր մնացել զորացրմանը։ Անհամբեր էր սպասում տուն գնալուն։ Քույրը՝ Մարիամը, հիշում է․ «Զանգում, ասում էր՝ մեռնեմ քեզ, ի՞նչ կա, ո՞նց ես, կարոտել եմ բոլորիդ, մի քիչ մնաց, ու գալու եմ, բոլորիդ հետ լինեմ, բոլորիդ կողքին»։ Արտաշեսը դիպուկահար էր։ Սակայն իր զենքից բացի կրտսեր սերժանտը տիրապետում էր նաև մի քանի այլ զինատեսակի։ 44-օրյա պատերազմի օրերին հերոսաբար կռվում էր ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Թաղավարդ, Քերթ, Ավետարանոց, Կարմիր Շուկա։ Մարտական հմտությունների և ճիշտ հաշվարկների շնորհիվ այդ օրերին ընկերների հետ ոչնչացրել էր թշնամու մեծաքանակ մարդկային ուժ և մարտական տեխնիկա։
Վերջին անգամ Արտաշեսը տուն էր զանգել հոկտեմբերի 28-ին, իսկ նույն օրը, երբ արդեն վիրավոր փորձում էր հրամանատարին փրկել, նրան գտավ թշնամու ԱԹՍ-ն, և Արտաշեսն անմահացավ։