1920թ. սկզբին, օգտվելով ‎ֆրանսիացիների անտարբերությունից, քեմալականները հարձակման անցան Կիլիկիայի ուղղությամբ` դեպի Մարաշ: Ֆրանսիացիների` Մարաշը լքելու քայլը ողբերգական նշանակություն ունեցավ ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ Կիլիկիայի հայության համար: Քաղաքում և փախուստի ընթացքում հազարավոր հայ մարաշցիներ կոտորվեցին: Փրկվածների մի մասը ապաստանեց Սիրիայում:

Հայ քաղաքական կուսակցությունները շարունակում էին հավատալ, որ ‎‎ֆրանսիացիների օգնությամբ հնարավոր կլիներ Կիլիկիայի անջատումը կործանվող Օսմանյան կայսրությունից և նրա ինքնավարությունը Ֆրանսիայի հովանավորության տակ:

1920թ. օգոստոսի 4-ին Ադանայում Ազգային խորհուրդը Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակեց Կիլիկիայի անկախությունը. «Այսօրվանից սկսած` Կիլիկիան հանդիսավորապես հռչակում ենք Թուրքիայից բոլորովին անկախ, ազատ երկիր` օժտված քրիստոնեական ինքնավար վարչությամբ և Ֆրանսիայի մանդատի տակ»:

Սակայն ֆրանսիացիները ոչ միայն դրժեցին իրենց խոստումը, այլև Կիլիկիան անկախ հռչակելուց մեկ օր անց` օգոստոսի 5-ին, երբ հայերը Տամատյանի գլխավորությամբ Ադանայում կառավարչատնից հեռացրին Վալիին ու մյուս թուրք պաշտոնյաներին և իրենք զբաղեցրին տարածքը, նույն Բրեմոնը Տամատյանից պահանջեց հեռանալ շենքից: Երբ հայերը մերժեցին կատարել թվացյալ բարեկամներ ու դաշնակիցներ ‎ֆրանսիացիների պահանջը, անձամբ կառավարչատուն եկավ Բրեմոնը և, զինվորական սպառնալիքներ տեղալով, շենքից հեռացրեց Տամատյանին:

Կիլիկիայի անկախության վերաբերյալ քննարկումը դիտեք մեր յութուբյան ալիքում։