Համշենահայ մտավորականները, մասնավորապես «Գոր» ամսագրի խմբագրակազմը և «Հատիկ» միության ղեկավարները շարունակում են ուշագրավ միջոցառումներ կազմակերպել։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։
Աղբյուրի համաձայն, սույն թվականի օգոստոսի ամսին նրանք որոշել են միջոցառումների շարք իրականացնել համշենահայերով հոծ բնակեցված Արդվին նահանգի Հոփա և Քեմալփաշա գավառներում։
«Մեք մեզի» («Մենք մերոնցով») խորագիրը կրող մշակութային միջոցառումների այդ շարքի շրջանակներում Քեմալփաշա գավառի մերձակայքում գտնվող Մաքրիյալ եկեղեցու մոտակայքում և Հոփա քաղաքում համերգներով հանդես կգան համշենական «Վովա» համույթը, համշենահայ երգչուհի Այշենուր Քոլիվարը, սևծովյան մեղեդիներ կատարող «Էնթու» երաժշտական խումբը և համշենական երգեր ներկայացնող «Մելուսես» ռոք խումբը։
Հանրամատչելի գիտամշակութային միջոցառումների այդ շարքն ընդգրկում է նաև Համշենի և համշենահայության թեմաներով սեմինարներ ու դասախոսություններ։ Բանախոսների շարքում են համշենահայ հայտնի բեմադրիչ Օզջան Ալպերը, «Հատիկ» միության ղեկավարներից Հիքմեթ Աքչիչեքը և համշենահայության թեմաներով գրքերի հեղինակ Մահիր Օզքանը։