Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը Արցախում, խաղաղ բնակչությանը սովի մատնելը պատերազմական հանցագործություն է, որը չպետք է անպատիժ մնա․ այս հայտարարությունները հնչել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ օգոստոսի 3-ին ուշ երեկոյան տասնյակ երկրների դիվանագետներ, Վաշինգտոնի նախաձեռնությամբ, հավաքվել էին՝ քննարկելու պատերազմական իրավիճակներում սովի բացառման և անվտանգության ապահովման ուղիները։
Որոշ երկրների, այդ թվում՝ Շվեյցարիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները «Մոսկվայի քաղաքականության հետևանքով սովի, զրկանքների, տառապանքների» մասին խոսելիս հիշեցին նաև Արցախում շուրջ ութ ամիս շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին, որն առաջացել է Բաքվի կողմից Բերձորի ճանապարհի արգելափակման պատճառով։ Դիվանագետները մոլորակի առջև ծառացած մարտահրավերները վերացնելուն զուգահեռ հորդորում էին ապահովել նաև դեպի Արցախ մատակարարումներն ու այնտեղ ապրող մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։
«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մայրերը չեն կարողանում սնունդ հայթայթել իրենց երեխաների համար, մյուսները չեն կարողանում դեղորայք գտնել ծայրահեղ հիվանդ ազգականների համար»,- օտարերկրյա գործընկերներին պատմել է նիստին մասնակցած Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։