Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները բաց նամակ են ուղարկել երկրի ղեկավարությանը, որից ներկայացնում ենք հատվածներ․
«Արցախի ժողովուրդը Բաքվի և նրա թիվ մեկ դաշնակից Թուրքիայի քաղաքական ծրագրերի զոհն է։ Կրկին իրականացվում է մի ամբողջ ազգի իր տարածքը ստիպողաբար լքելու քաղաքականությունը, որը համեմատելի է ցեղասպանության հետ և ակնհայտորեն հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի հռչակագրին։
Չնայած դրան, երկակի ստանդարտների քաղաքականությունը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը, քանի որ Եվրոպան շարունակում է մնալ Ադրբեջանից էներգետիկ կախվածության զոհ: Մի կողմից քննադատվում է ռուսական գազից կախվածությունը, մյուս կողմից խրախուսվում է բռնապետ Ալիևի գազից կամ նավթից կախվածությունը։
Մենք կոչ ենք անում Չեխիային, որն առաջնորդվում է ժողովրդավարական և մարդասիրական արժեքներով, հնարավորինս արագ արձագանքել և դիմել Բաքվի կառավարությանը՝ կանխելու հումանիտար աղետի շարունակությունը և Արցախից 120,000 խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը, և բացել Գորիս Արցախիի հետ կապող ճանապարհը։ Հակառակ դեպքում Արցախի քաղաքացիները՝ էթնիկ հայերը, կենթարկվեն հերթական ցեղասպանությանը»։
Նամակն ուղարկվել է նաեւ չեխական լրատվամիջոցներին։