1878թ․գարնանը անգլո-ռուսական պատերազմը գրեթե իրողություն էր։Ալեքսանդր 2- րդը համոզված էր,որ Անգլիան Ռուսաստանին պատերազմ հայտարարելու պատրվակ էր փնտրում։ Շուվալովին կոնգրես ճանապարհելիս՝ նա հոխորտաց․
«Կոմս Շուվալով․հիշեք, խաղաղության համար գլխով պատասխան եք տալու ինձ»։ Ցարական կառավարությունը դիմեց Բիսմարկին․
«․․․հրավիրել կոնգրես այն հաշվով,որ Ռւոսաստանը ազատվի երկընտրանքից՝ պատերազմել Անգլիայի և Ավստրիայի դեմ կամ անվերապահ նահանջել»։
Դիզրայելին հայտարարեց,թե հարկ է հայկական նահանգները դարձնել ռազմական ամրություններ,դրանցում կենտրոնացնել թուրքական զորքեր Ռուսաստանի դեմ։ «Անգլիան ի զորու չէ Օսմանյան Կայսրությանը ստիպել բարենորոգումներ իրականացնել։Նա չի կարող վախեցնել Օսմանյան Կայսրությանը,թե այլևս նրան չի հովանավորի,քանի որ թուրքերը գիտեն,որ Անգլիան հովանավորում է սեփական շահերից ելնելով․․Եթե Անգլիան հակառակ իր ավանդական քաղաքականության,Օսմանյան Կայսրության հակադրի բարեփոխումներ կատարել,ապա թուրքերն անպայման ընդդիմանալու են ու միաժամանակ մերձենալու են Ռուսաստանին»։ Անգլիային հաջողվեց մինչև գագաթնաժողովի սկսվելը որոշել քննարկվելիք հարցերի ցուցակը և դրանց լուծման ամենահավանական տարբերակները։Դեռ ավելին, Բեռլինի վեհաժողովը դաշնագրային օրինականության տեսք էր տալու Անգլիայի կողմից մինչ այդ կայացրած վճիռներին։ Պահանջելով բարենորոգումներ՝ Անգլիան չէր ելնում օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդների շահերից,այլ բարենորոգումների վրա վերահսկողությունը նրա համար զենք էր ցանկացած պահի Օսմանյան Կայսրությանը իր կամքը թելադրելու համար։ Գագաթաժողովի քննարկած հարցերի շրջանակները շատ լայն էին։Խնդրի էր դրված Արևելյան հարցն ամբողջությամբ վերաքննել նոր իրողություններին համապատասխան,նաև վերանայել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և այդ անել՝ ելնելով ոչ թե պատերազմում այս կամ այն կողմի խաղացած դերից ու վիճակից,այլ հիմք ընդունելով վեհաժողովին մասնակցող բոլոր երկրների տնտեսական, քաղաքական և ռազմական շահերը։ Բեռլինում գլխավոր հակամարտությունը Անգլիայի և Ռուսաստանի մեջ էր։ Դիզրայեին հոխորտաց․«Մենք Անգլիայից եկել ենք այստեղ կարգավորելու սուլթանի գործերը և նրան լիակատար հնարավորություն տալու իր իշխանությունը գործադրելու Օսմանյան Կայսրությունում»։