Մահիր Օզքան
Համշենցիները Համշենի իշխանության՝ 1480 թ․ Օսմանյան պետության տիրապետության տակ անցնելուց հետո զանազան վայրեր են արտագաղթել ու ցրվել։ Նրանց կողմից գաղթեր են գրանցվել ինչպես Համշենի սահմանային և մոտակա շրջաններ, այնպես էլ՝ հեռո բնակավայրեր։
Համշենի պատմության ընթացքում արձանագրված այդ գաղթերի առնչությամբ բազում հարցեր կան, որ կարոտ են ուսումնասիրման ու լուսաբանման։ Ամենայն հավանականությամբ, դեռ կան նաև այնպիսի բնակավայրեր, ուր արտագաղթել են համշենցիները, սակայն մենք տեղյակ չենք ։ Կան վայրեր, որոնց մասին քիչ թե շատ գրվել է, բայց համշենցի հասարակությունը բավարար չափով տեղեկություններ չունի դրանց մասին։
Պոլսահայերի մեջ քրիստոնյա համշենցիներ էլ կան (մինչ այդ նրանց մասին այս սյունակում 2 հոդված էի հրապարակել)։ «Գոր» ամսագրի առաջիկա համարում արխիվային նյութեր ենք ներկայացնելու Համշենի աշխարհագրության մասին։
Բնակավայրերի թվի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելիս պատահաբար հանդիպեցի մի գրքի, որը թեև անմիջականորեն կապ չուներ համշենցիների թեմայի հետ, սակայն անդրադառնում էր համշենցների բնակության շրջաններին։
Գիրքը 2023 թ․ ապրիլին «Արաս» հրատարակչության կողմից տպագրված Հակոբ Գոբելյանի «Գերտաքացված գոլորշու միջի բոժոժը» վերնագրով վեպն է։ Հակոբ Գոբելյանի ընտանիքը պարտիզակցի է։ Իզմիթում գտնվող և այժմ Բահչեջիք անվամբ հայտնի Պարտիզակը մինչև 1915 թ․ նշանավոր հայկական բնակավայր էր։
Գոբելյանն իր վեպը գրել է՝ ելակետ ընդունելով իր ընտանիքի կյանքը։ Նա կերտել է բոժոժի կերպարը՝ պարտիզակցիների ապրուստի հիմնական աղբյուրից՝ շերամապահությունից ներշնչվելով։ Վեպի առաջաբանում Գոբելյանն ընթերցողներին ծանոթացնում է Պարտիզակի և նրա շրջակայքի հետ։ Նրա ներկայացրած որոշ բնակավայրեր համշենցիների շրջաններն են։ Օրինակ՝ «Գավառակի հարավ-արևմուտքում, գյուղացիների կողմից Դյոշեմե կոչված գագաթի վրա կար Զաքար գյուղը, որը Համշենի կողմերից գաղթած հայերն էին հիմնել՝ որին թուրքերն անվանում էին Սաքարբըչքը (ներկայում կոչվում է Նյուզհեթիյե), գյուղը բաղկացած էր 65 տնից։ Այդ գյուղի բնակիչներին «լազ-հայ» էին անվանում, քանի որ եկել էին Լազիստանի սանջակից: Գոբելյանը հաստատում է լազ-հայ արտահայտության աղբյուրը՝ լինելով մի պարտիզակցի, որի ընտանիքն անցյալում համշենից էր։
Մեկ ուրիշ համշենական գյուղ էլ հետևյալ կերպ է ներկայացվել․
«Երբ Պարտիզակից դեպի արևելք կես ժամ քայլում էիր, հասնում էիր 5 տնից բաղկացած Դյոնգել գյուղը, որը լազ-հայկական բնակավայր էր»։
Դյոնգելի ներկայիս անվանումը Քարշըքայա է, որը բավականին զարգացած վայր է՝ բնակեցված գաղթականներով։ Արդյոք հնարավո՞ր է այդ գյուղի նախկին բնակիչներին գտնել։ Նրանք ի՞նչ աստիճանի են տեղեկացված իրենց պատմության մասին։
Գրքի մեկնաբանությունների բաժնում անդրադարձ կա նաև Դյոնգելի անմիջապես կողքին «Դյոնգելի սուրբ» (Döngeli Surpı) անվամբ մի համշենական գյուղի մասին, որը բաղկացած է եղել 28 տնից։ Այն փաստը, որ գյուղի անունը «Դյոնգելի սուրբ» է, և որ այդ անվանումը նա ստացել է շրջանում գտնվող Սուրբ Սարգիս մատուռից, հուշում է, որ երևի տվյալ բնակավայրի համշենցիները քրիստոնյա էին։ Անշուշտ այդ անվանումը կարող է գյուղին տված լինեն նաև պարտիզակցի հայերը։ Հեղինակը շրջանը ներկայացնելիս խոսում է նաև մեկ այլ համշենական բնակավայրից.
«Դեպի հարավ-արևմուտք, 5 ժամ հեռավորության վրա գտնվող մի յայլայում հիմնվել էր Մանուշակ (Manuşag) գյուղը՝ 30 լազ-հայկական տներով»։
Նախկինում ևս այլ աղբյուրներում ընթերցել էի, որ Մանուշակ յայլան համշենական բնակավայր է եղել։ Սակայն, ցավոք, այդ բնակավայրում ապրած մարդկանց հետ դեռևս շփումներ չեմ ունեցել։ Հուսով եմ՝ այսուհետև կունենամ և սույն հոդվածը կօգնի կապ հաստատելու հայ համշենցիների՝ գրեթե անհայտ այդ հատվածի հետ։