Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը կառուցողական չի համարում ադրբեջանական կողմից հնչող արձագանքները Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Սարգսյանը նշեց, որ հաճախ փորձեր են արվում այդ նախաձեռնությունը դարձնել տարաբնույթ շահարկումների թեմա, մինչդեռ Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են, որ Բերձորի ճանապարհը փակել է Բաքուն: «Հումանիտար բեռներով լի ավտոշարասյունը շարունակում է նույն տեղում մնալ, որտեղ կայանել էր դեռ տասնմեկ օր առաջ: Ինչպես նշվել էր ի սկզբանե՝ մեր նպատակը զուտ մարդասիրական բնույթի այս նախաձեռնության իրականացումն է, որի ուղղությամբ շարունակում ենք քայլեր ձեռնարկել: Վերջին 11 օրերի հիմնական արձանագրումն այն է, որ նախաձեռնության հանդեպ ինչպես միջազգային, այնպես էլ մեր հանրության շրջանում հարաճուն ուշադրության և հնչեղության աճ կա: Ասվածի վկայությունն են դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերը Կոռնիձորի հատված, ինչպես նաև տարբեր երկրների պետական ատյաններից և խորհրդարանականների կողմից հնչող հայտարարությունները, որոնցում հստակ և հասցեական կոչ է արվում Բաքվին, որպեսզի վերջինս բացի Բերձորի արգելափակված ճանապարհը»,- ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ Կոռնիձորի հատված այցելողներն իրականում տեսնում են, թե ինչ է կատարվում և հավաստի տեղեկություններ են ստանում Արցախում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մասին: «Հետաքրքրությունը մեծ է նաև միջազգային լրատվամիջոցների կողմից: Տարբեր երկրների բազմաթիվ լրագրողներ վերջին օրերին այցելել են այս հատված և իրենց աչքերով հավաստիացել, որ այս պահին հումանիտար բեռների հասանելիությունը դեպի Արցախ խոչընդոտվում է Բաքվի կողմից»,- ասաց Սարգսյանը: Անդրադառնալով ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերին, մասնավորապես Արցախի երկու բնակիչների առևանգման դեպքերին՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչն ընդգծեց, որ այդ քայլերը միանշանակ չեն կարող նպաստել ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ու հումանիտար նախաձեռնության իրականացմանը: «Հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Հայաստան տեղափոխվող քաղաքացու դեպքն ի ցույց է դնում, թե Բաքուն ինչպիսի վերաբերմունք ունի հումանիտար բնույթի հարցերի կարգավորման վերաբերյալ, քանի որ բուժօգնություն ստանալու իրավունքից քաղաքացուն զրկելը կոպտագույն խախտում է: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարության հումանիտար նախաձեռնության շուրջ միջազգային հանրության ուշադրության աճն ու ստեղծված իրավիճակի գիտակցումը՝ լինի կոչերի, թե հստակ գործողությունների տեսքով, իսկապես կնպաստեն Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանն ու հումանիտար բեռների տեղափոխմանը դեպի Արցախ»,- եզրափակեց Սարգսյանը:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Երևանի իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի անբաժան մաս համարելու հայտարարությունից ի վեր Արցախի հայ ժողովրդի համար օրերը հաշված են։ Իրավական բովանդակություն չունեցող այս հռչակագիրը հնարավորություն է տվել ամրապնդել Բաքվի քրեական իշխանությունների քաղաքական դիրքերը։ Բայց վատագույնը դեռ առջևում է, քանի որ Արցախի հայ ժողովրդին խեղդամահ անելը և պատանդ վերցնելը նպատակ ունի սակարկել ապագա սահմանագծման շուրջ՝ ի վնաս համայն հայության։ Ամբողջ տարածաշրջանի ապագան Արցախի հայկական դիմադրության ձեռքերում է.