ՄԱԿ–ի մի խումբ փորձագետներ տագնապ են հայտնել Բաքվի կողմից Բերձորի ճանապարհի շարունակվող շրջափակման առնչությամբ, ինչը սոսկալի հումանիտար ճգնաժամի է հանգեցրել Արցախի շրջանում: Շրջափակման արդյունքում վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Արցախը Գորիսին կապող միակ ճանապարհը, որի արդյունքում բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ: Շրջափակումը խափանել է նաև բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը և մեծագույն ռիսկի է ենթարկում բնակիչների, հատկապես՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղի կանանց և հիվանդների կյանքը: «Բերձորի ճանապարհի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը հանգեցրել է սննդամթերքի պաշարների, այդ թվում՝ ձեթի, ձկնամթերքի, թռչնամսի, կաթնեղենի, ցորենի, շաքարի և մանկական սննդի կտրուկ նվազման», նշում են փորձագետները: Նրանք ահազանգում են, որ արագ սպառվում է դեղորայքը, իսկ հիվանդանոցները դժվարությամբ են ապահովում բժշկական օգնություն, քանի որ շտապ օգնության մեքենաների աշխատանքը խափանվել է վառելիքի պակասի հետևանքով: