Եթե Սան-Ստեֆանոյի 16-րդ պարագրաֆով  Հայաստանում բարելավումներ և ռեֆորմներ անցկացնելու համար Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր Ռուսաստանի առջև, իսկ սա էլ պետք է հսկեր այդ բարելավումների ու ռեֆորմների իրականացմանը, ապա Բեռլինի տրակտատի 61-րդ հոդվածի համաձայն Օսմանյան կայսրությունն այդ պարտավորությունները ստանձնում էր տրակտատը ստորագրած բոլոր պետությունների առջև (Ռուսաստան, Անգլիա, Ավստրո-Հունգարիա, Գերմանիա,  Ֆրանսիա, Իտալիա) այլեւս ոչ թե Հայաստանում, այլ հայաբնակ շրջաններում, իսկ պարտավորությունների կատարման հսկողությունը իրենց վրա էին վերցնում այդ պետությունները: Բացի 61-րդ հոդվածի ձևակերպումից, 60-րդ հոդվածով սահմանվեց, որ Սան- Ստեֆանոյի պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին զիջված Ալաշկերտի հովիտը և Բայազետը քաղաքը վերադարձվում են   Օսմանյան կայսրությունը: Ահա սա էր այն նախագիծը, այն ընդունվեց վեհաժողովում և մտավ նրա պայմանագրի 61-րդ հոդվածի մեջ  բարենորոգումներ անվան տակ և որոնք  հետագայում չիրականացվեցին: Ահա այսպիսի վախճան ունեցավ հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում: Ճնշված ու վհատված Խրիմյան Հայրիկը, որն արդեն հասկացել էր եվրոպական պետությունների խարդավանքները, ժողովրդին նորից զենքի էր կոչում: Բեռլինից վերադառնալուց հետ, պատրիարքարանում պատմելով դեպի Բեռլին իր առաքելության արդյունքների մասին, Հայրիկն արտահայտվել է հետևյալ կերպ. <<Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում: Ինձ ուղարկել էիք, որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ: Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ լխճվեց, ընկավ մեջը: Ինձ ոչինչ չհասավ և ես ձեռնունայն վերադարձա>>: Հայրիկի այս թևավոր խոսքերը փոխաբերական իմաստով մնացին պատմության մեջ, որպես <<երկաթե շերեփի>> պատմություն: Բեռլինի կոնգրեսը եկավ նսեմացնելու ռուսական զենքի հաղթանակը, չափավարելու ցարիզմի արտաքին քաղաքական և ռազմական արդյունավետ ակտիվությունն ի շահ Անգլիայի, Ավստրո-Հունգարիայի, իսկ ամենակարևորը ի շահ օսմանյան կայսրության և ի վնաս բալկանյան ժողովուրդների ու հայ ժողովրդի: Բեռլինի կոնգրեսի որոշմամբ Արևելյան Ռումելիա նահանգը: Բոսնիան և Հերցեգովինիան օկուպացվեցին Ավստրո-Հունգարիայի կողմից: Ճանաչվեց Ռումինիայի Սերբիայի ու Չերնիոգորիայի անկախությունը: մեծ տերությունների և բալկանյան երկրների հակասական շահերի խճճվածության հետևանքով Բեռլինի կոնգրեսը Մակեդոնիան թողեց թուրքական կառավարման տակ, սահմանափակվելով այն պարտականությամբ, թե Օսմանյան Կայսրությունը պետք է ռեֆորմներ անցկացներ իր եվրոպական նահանգներում: Հայկական պատվիրակությունը կոնգրեսին մասնակցելու իրավունքի չստացավ: Կոնգրեսին ներկայացրած նրա խնդրագրերը անուշադրության մատնվեցին: Ինչպես նկատում է Լեոն, <<հայերին ուրախացնում էին, թե ահա նրանց անունն էլ մտավ միջազգային դիվանագիտության անձանագրությունների մեջ》: Հայությունը կարծում էր, թե այսուհետև Հայաստանը դառնալու է եվրոպական տերությունների մտահոգության առարկա: Ըստ անգլո-թուրքական պայմանագրի, եթե Ռուսաստանը ստանալու էր Բաթումը, Արդահանը, Կարսը, ապա Անգլիան պարտավորվում էր զենքի ուժով օգնել սուլթանին պաշտպանելու կայսրությունը: Դրա դիմաց Անգլիան իրավունք էր ստանում օկուպացնել

Կիպրոսը: