Կիպրոսի կոնվենցիան անգլո–թուրքական «պաշտպանական դաշինք» է ընդդեմ Ռուսաստանի։ Կոնվենցիան կնքվել է Բրիտանական Կայսրության եւ Թուրքական պետության  միջեւ՝ 1878-ի հունիսի 4-ին Կոստանդնապոլսում։ Դա Բեռլինի կոնգրեսի բացման նախօրյակն էր։

Այս կոնվենցիայով Մեծ Բրիտանիան պարտավորվել է օգնել Թուրքական պետությանը  զենքով, եթե ռուս-թուրքական պատերազմում գրավված Բաթումը, Կարսը, Արդահանը կամ դրանցից որեւէ մեկը Ռուսաստանը պահեր իր ձեռքում:

Թուրքական պետությունը  համաձայնել է Մեծ Բրիտանիայի կողմից Կիպրոսի օկուպացմանը։

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ դրանից առաջ՝ մայիսի 30-ին կնքած գաղտնի համաձայնությամբ այլևս չէր առարկում Բաթումի, Արդահանի և Կարսի նկատմամբ ռուսական պահանջատիրության դեմ՝ ստանալով Ռուսաստանի հավաստիացումը, որ նա Փոքր Ասիայում նվաճած մյուս մարզերը (Բայազետն ու Ալաշկերտի հովիտը) կվերադարձնի Թուրքական պետությանը  և ապագայում Ռուսաստանի սահմանը չի ընդարձակի ասիական Թուրքական պետության  ուղղությամբ։

1878 թ. Բեռլինի կոնգրեսի նախօրեին այդպիսի համաձայնագրերի կնքումը նպատակ ուներ, մի կողմից, ապահովել Անգլիայի աջակցությունը Թուրքական պետությանը  1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրի ռուս-թուրքական սահմանների վերաբերյալ հոդվածների վերանայման ժամանակ, մյուս կողմից, ուժեղացնել Անգլիայի ազդեցությունը Թուրքական պետությունում  և Մերձավոր Արևելքում ընդհանրապես։ Անգլիական դիվանագիտությունը, հավատարիմ իր ավանդական քաղաքականությանը, արգելակում էր հաղթանակած Ռուսաստանի հետագա առաջխաղացումը Արևմտյան Հայաստանում, որը սպառնում էր բրիտանական կայսրության շահերին այդ տարածքում և, միևնույն ժամանակ, Թուրքական պետությունից գաղտնի որոշ զիջումներ անելով Ռուսաստանին Արևմտյան Հայաստանում, զավթում էր Կիպրոս կղզին՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը արևելյան Միջերկրականով դեպի Հնդկաստան տանող ջրուղիներում, հող նախապատրաստելով նաև Եգիպտոսի ապագա գրավման համար (որն իրականացրեց 1882-ին)։ Ինչ վերաբերում է հայկական բարենորոգումներին, որոնք նախատեսված էին Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով, ապա, ստանձնելով դրանց անցկացումը Թուրքիայի հետ երկուստեք համաձայնությամբ, Անգլիան Կիպրոսի կոնվենցիայով փաստորեն Ռուսաստանին զրկում էր բարենորոգումներին հսկելու իրական հնարավորությունից (քանի որ դրանք, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, պետք է կենսագործվեին մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից) և այն փոխարինում Թուրքական պետության «քրիստոնեաբնակ վայրերում բարենորոգումներ մտցնելու» անորոշ ձևակերպմամբ։

Բեռլինի կոնգրեսի օրերին Անգլիան Կիպրոսի կոնվենցիան լրացրեց (1878 թ. հուլիսի 1-ին) ևս մի հոդվածով, ըստ որի, Ռուսաստանի կողմից Կարսն ու գրավված մյուս վայրերը Թուրքական պետությանը վերադարձվելու դեպքում Անգլիան պետք է էվակուացնի Կիպրոս կղզին, իսկ Կիպրոսի կոնվենցիան կորցնի իր ուժը։ Բայց արդեն սկսված առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում, երբ Թուրքական պետությունը  հանդես եկավ Գերմանիայի կողմում, Անգլիան 1914 թ. նոյեմբերի 5-ի թագավորական հրահանգով չեղյալ համարեց Կիպրոսի կոնվենցիան և հայտարարեց Կիպրոսի բռնակցման մասին։