Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը հարցազրույց է տվել Երևանյան լրատվականներից մեկին, որտեղ անդրադարձ է կատարել Արցախում հուլիսի 22-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, այդ թվում՝ արցախցի տղամարդկանց առևանգման դեպքերին: Western Armenia TV-ին ներկայացնում է Կարեն Սարգսյանի հարցազրույցից մի հատված․
«Աշխարհաքաղաքական մեծ խաղ է Արցախի շուրջ, որտեղ մենք միջնորդ չենք, այլ միջոց: Թե որտեղ սխալվեցինք, գնահատականները, կարծում եմ, ժամանակն ու պատմությունը կտան: Արցախի ժողովուրդն այսօր իր ինքնորոշման համար կրում է ծանր զրկանքներ: Չենք հանձնվում, որովհետև այս ամենով հանդերձ, աշխարհին մենք ասում ենք՝ հայրենիք ունենալու համար պատրաստ ենք այս զոհողություններին: Այսինքն, մեր հայրենակիցներն իրենց անկոտրում կամքով պայքարում են իրենց իրավունքի, ձայնի իրացման և ինքնորոշման համար, դիմակայելով պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամին»։
Այն հարցին թե ինչո՞վ է պայմանավորում պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախում, ՀՀ-ում լրտեսների, Ադրբեջանի հետ չնչին գումարով համագործակցողների թիվը։ Կարեն Սարգսյանը պատասխանել է , որ Ադրբեջանն ամեն կերպ Հայաստանի և Արցախի բնակիչների համար թակարդներ է լարում նաև սոցիալական հարթակում: Պետք է չափազանց զգոն լինել՝ հաքերներից և կիբերհանցագործներից պաշտպանվելու համար: Համենայնդեպս, մեծ մասի դեպքում փորձը ցույց է տվել, որ Հայաստանի և Արցախի բնակիչները, որոնք մեղադրվում են, այսպես կոչված, լրտեսությամբ զբաղվելու համար, զոհ են դարձել առաջին հերթին իրենց չիմացության, մեդիագրագիտության բացակայության պատճառով: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, չեմ ուզում առաջ ընկնել և գնահատականներ տալ, բայց բարոյականության տեսակետից դատապարտում և քննադատում եմ լրտեսական, եթե կուզեք՝ Արցախի անվտանգությանը վնասող ցանկացած երևույթ:
Անրադառնալով անհետ կորածներին Սարգսյանը պատասխանել է,որ անհետ կորածներ, ցավոք, դեռևս կան, ինչպես զինվորականների, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց: Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքները վաղուց դադարեցված են ադրբեջանական կողմի թույլ չտալու պատճառով: Նշել է, որ բանակցությունները չեն դադարում, նրանք գրեթե ամենօրյա ռեժիմով օգտագործում են իրենց բոլոր լծակները, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի առաքելության հետ, սակայն բանակցություններն արդյունք չեն տալիս: Հիմա էլ Արցախի պաշարումը ևս մեկ անգամ մոտեցնում է այն տեսակետը, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ և ցանկություն չունի մարդասիրական որևէ քայլ անել: