ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է ժամանած հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինը և Դեմյան Մերֆին օգոստոսի 9-ին այցելեցին Հայերի ցեղասպանության հուշահամալիր: 

Հյուրերին հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: 

Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայերի  ցեղասպանության շարունակությունն էր: 

https://www.aravot.am/wp-content/uploads/2023/08/Armenian-Genocide-Museum_US-Senate-1.jpg

Սառա Արքինը և Դեմյան Մերֆին ծաղկեպսակ դրեցին Հայերի  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նրանց ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: 

Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտեց, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայերի ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: ՀՑԹԻ տնօրենը հյուրերին ներկայացրեց Հիշողության պուրակի պատմությունը և նշեց, որ այնտեղ առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոուլը՝ ի հիշատակ Հայերի ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:

Շնորհակալություն հայտնելով այցի համար ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Սառա Արքինին և Դեմյան Մերֆիին նվիրեց “International Journal of Armenian Genocide Studies” 2022 թ. երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին: Հայերի  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրություն: