Սաշա Վաչագանի Գալստյան. զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմում:
Սաշան ծնվել է 1996 թվականին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Սաշան բարի, հավասարակշռված, հոգատար, մեծահոգի, համեստ, խելացի և ընկերասեր երիտասարդ էր: Սիրում էր շփվել և նոր ընկերներ ձեռք բերել, լսել, օգնել և խորհուրդներ տալ մարդկանց: Մանկուց երազում էր բժիշկ դառնալ և հետաքրքրված էր բժշկությամբ:
Սաշը ընկերների և ծնողների հպարտությունն էր: Դպրոցն ավարտելուց հետո որոշեց մանկության երազանքը ի կատար ածել և քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասավ նպատակին: Սովորել և կարմիր դիպլոմով ավարտել էր Արմավիրի բժշկական պետական քոլեջը: Հետո ընդունվել էր Երևանի «Հայբուսակ» համալսարան և առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել բանակ:
Չէր սիրում ընտանիքին նեղություն տալ: Ճանապարհածախս անգամ չվերցնելու համար, ծնողներից թաքուն, դասերից հետո գնում էր ավտոլվացման կետ և մեքենաներ լվանում:
Բանակում շատ լավ էր ծառայում և հպարտությամբ էր կրում զինվորական համազգեստը: Սաշան իր լավ ծառայության համար ստացել էր սերժանտի կոչում: Ուրախությանը չափ չկար: Ծնողների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի մեկին, ասել, որ դիրքեր է գնում, ամեն ինչ լավ է, և պետք չէ անհանգստանալ:
Նա եղել է առաջին գծում: Նրան հրամայել են նպաստավոր դիրք զբաղեցնել և գնդացիրով կրակ բացել հակառակորդի ուղղությամբ: Նա գերազանց կատարել է առաջադրանքը և ճնշել հակառակորդին իր դիպուկ հարվածների շնորհիվ: Սակայն Սաշը գլխից ծանր վիրավորվում է: Կապի միջոցով փորձել են կազմակերպել նրա տարհանումը, սակայն կրակը գնալով ուժեղացել է: Բժիշկները չեն կարողացել մոտենալ և փրկել Սաշի կյանքը:
Սաշան տան միակ տղան էր: Ունի երկու քույր՝ Անահիտը և Լուսինեն: Երկուսն էլ իրենից փոքր էին:
Սաշայի հայրը՝ Վաչագան Գալստյանը, մեկ այլ հարցազրույցի ժամանակ ասել է. «Ինչ ունեի` հայրենիքիս տվեցի»: