Բասկերի Երկրի «Լա տրիբունա» («La tribuna») պարբերականում լույս է տեսել Արարատ Ղուկասյանի «Էթնիկ զտումներից մինչև ցեղասպանություն» հոդվածը` Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ Հոդվածում նշվում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների մասին, որոնց հետևանքով Արցախի ավելի քան 120.000 բնակիչները հայտնվել են ամբողջական շրջափակման մեջ։ «Խոսքն այլեւս ոչ թե հումանիտար ճգնաժամի, այլև էթնիկ զտման մասին է, որի հետեւանքով 21-րդ ժողովրդավարական կոչվող դարում հնարավոր է` ականատես լինենք իսկական ցեղասպանության»,- նշվում է հոդվածում։
«Միջազգային հանրության կոչերն այլևս առ ոչինչ են, քանզի դրանք անկարող են կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»,- նշում է Ա. Ղուկասյանը` հավելելով,- այս ֆոնին` այդ հայտարարությունները հողի վրա չիջեցնելը կրկնակի հանցագործություն է` այս անգամ արդեն միջազգային հանրության կողմից։
Նշենք, որ իսպանական մամուլում անհամեմատ դժվար է հայանպաստ հոդվածների և հայտարարությունների հանդիպել` հաշվի առնելով մամուլի և, հատկապես, հեռուստատեսության անտարբերությունը տարածաշրջանի հարցում։ Հոդվածի հեղինակը Արարատ միության նախագահ, խմբագիր Արարատ Ղուկասյանն է։