Մասնակիցների հետ Ծիծեռնակաբերդ էին այցելել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, տեղակալներ Ռոլանդ Շառոյանը, Ստեփան Դեր–Բեդրոսյանը և գործկոմի այլ անդամներ։ Հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: ՀՀ նախագահի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի անունից ծաղկեպսակներ դրվեցին Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Համահայկական 8-րդ խաղերի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և հարգեցին Հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև նրանք եղան Հայերի ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Աշխարհի 41 երկրի 179 քաղաքներից ժամանած մարզիկների մի մասն առաջին անգամ էր այցելում Ծիծեռնակաբերդում։ Նրանք շատ տպավորված էին ու հուզված: