Բեռլինի վեհաժողովում փաստորեն տերությունները սուլթան Աբդուլ Համիդին հանձնարարեցին «ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից» այն դեպքում, երբ ինքը` սուլթանն էր քրդերի և չերքեզների հակահայկական բոլոր գործողությունների գլխավոր հրահրողը: Դրա լավագույն վկայությունն է, որ հենց Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., նրա հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»: Այն կազմված էր 30 գնդերից և չէր մտնում օսմանյան բանակի համակարգի մեջ, այլ պահպանվում էր որպես ինքնուրույն ռազմական միավոր` տեղակայված հայկական Երզնկա քաղաքում: «Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր:
Համիդիեի միջոցով սուլթանը կազմակերպել է 1895-1896 թվականների հայկական կոտորածները։ 1915 թվականին Համիդիեն մասնակցել է Հայերի դեմ իրականացված Ցեղասպանությանը։
XIX դ. վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին` Բիթլիսի վիլայեթի գավառներից մեկին, որը մշտապես աչքի էր ընկնում թուրքական կամայականություններին դիմադրելու իր անկոտրում կամքով: 1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց, կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ: 1895թ. սեպտեմբերին սկսվեցին հայկական ջարդերը մայրաքաղաքում, ապա նաև Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Կարինում, Տիգրանակերտում, Բայազետում, Խարբերդում և այլուր: Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց. տեղի բնակչությունը նախօրոք անհրաժեշտ կազմակերպչական քայլեր էր ձեռնարկել թուրքական զորքերին դիմադրելու համար: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.: Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Սակայն հայերի կորուստները միայն դրանով չէին սահմանափակվում: Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից: