1908թ.
Երիտթուրքերի հեղաշրջումը
Օսմանյան կայսրությունում ավելի ու ավելի էր հասունանում արյունարբու սուլթանից ազատվելու գաղափարը: Առաջանում էին խմբավորումներ, որոնց նպատակը սուլթանական կարգերը խորտակելն էր: Հետզհետե միավորվելով` այդ խմբավորումները վերածվեցին շարժման, որը ստացավ «Երիտասարդ Թուրքեր» անվանումը: Շուտով երիտթուրքերը ստեղծեցին իրենց կուսակցությունը` Իթթիհադ վե թերաքիի (հայերեն` «Միություն և առաջադիմություն»):
1908թ. հուլիսին Երիտասարդ Թուրքերի հեղաշրջման հետևանքով սուլթան Աբդուլ Համիդ II-ը զրկվեց իշխանությունից, իսկ 1909թ.` գահընկեց արվեց:
Երիտթուրքերն ասպարեզ իջան XVIIIդ. ֆրանսիական հեղափոխության հռչակած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով: Կայսրության բոլոր ժողովուրդները, մահմեդական թե քրիստոնյա, ցնծությամբ ընդունեցին «կարմիր սուլթանի» տապալումը: Մարդիկ կարծում էին, թե Օսմանյան կայսրության պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել: Ինչպես վկայում է Մուսա Պրենսը, ցնծացող …հայերը, թուրքերը, հույները գրկախառնվում էին փողոցներում»: Բայց, ինչպես շատ շուտով պարզվեց, երիտթուրքերը դիմակավորված ազգայնամոլներ էին, որոնք շարունակեցին իրենց նախորդ սուլթանների` հալածանքների և ջարդերի քաղաքականությունը: Նրանք կայսրության բոլոր ազգերին ձուլելու և «մաքուր» թուրքական ազգ ստեղծելու գաղափարակիրներ էին` գտնելով, որ հանուն այդ գաղափարի իրագործման չպետք է կանգ առնել անգամ զանգվածային կոտորածների առջև:
Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց` 1909-ի ապրիլին, թուրք ազգայնամոլ տարրերը Կիլիկիայի Ադանա քաղաքում ամբոխին գրգռեցին հայերի դեմ: Մի քանի օր անց իրավիճակին միջամտեց նաև թուրքական բանակը: Կոտորածը Ադանայից տարածվեց նաև Կիլիկիայի հայաբնակ այլ վայրեր` Մարաշից մինչև Քեսաբ: Որոշ բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապատշպանության և կարողացան փրկվել: Կոտորածը դադարեց միայն մեկ ամիս հետո, երբ հայերը շուրջ 30.000 զոհ էին տվել: Երիտթուքերի հեղաշրջումը ոգևորությամբ ընդունած հայերի մեջ առաջին անգամ առաջացավ լուրջ կասկած և հուսախաբություն: