Աբրահամ Արտաշեսի Բարնջյան, ծնվել է 1993թ մայիսի 12-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:  2010թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ընդունվելուց կես տարի անց զորակոչվել է, ծառայել Ռուսաստանի Դաշնության Արտաշատի սահմանապահ զորամասում։ 2013 թվականից նույն զորամասում ծառայությունը շարունակել է որպես պայմանագրային զինվորական, և  2016 թվականին զորացրվելով,  շարունակել է ուսումը Երևանի պետական համալսարանում՝ ուսումը համատեղելով աշխատանքի հետ։ 

Աբրահամի համար «հայրենիք», «հայրենասիրություն» պարզապես հասկացություններ չէին, այլ վեհ գաղափարներ, ինչը կրում էր ամբողջ հոգով և էությամբ: Հայրենասիրության ամենաթանձր գույնը խտացված էր Աբրահամի մարդ-հայրենասերի կերպարում: Պատերազմը սկսվելու հենց առաջին օրը Աբրահամը գիտակցված կամավորագրվել և մեկնել է Արցախ:

Եղբայրը պատմում է.

-Երբ զանգեց, միանգամից ասաց. «Թշնամին հարձակվել է, ես գնում եմ պատերազմ, սկսվել է…»: Կամավորագրվելուց  և մեկնելուց առաջ Աբրահամը ասել էր. «Ես գնում եմ, բայց դուք չմտածեք, որ չեք գալու, դուք էլ եք մեզ միանալու»:  Սա գիտակցված քայլ էր…

Մարտական թեժ գործողություններ են ընթացել Վարանգաթաղում, Աբրահամը աչքի է ընկել իր արիությամբ, անձնուրաց պայքարով՝ անտեսելով մահը: Արցախյան 44-օրյա պատերազմի տասներորդ  օրը՝ հոկտեմբերի 6-ին, հերոսի մահով ընկավ կամավորական Աբրահամ Բարնջյանը՝ թշնամու ձեռքն անցած Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը գրոհելիս։