Բեռլին — Բաղդադ երկաթուղու կառուցման և հայերին դեպի Միջագետք տեղահանելու գերմանական ծրագիրը
Ստանձնելով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող այս երկաթուղու շինարարությունը և շահագործումը` Գերմանիան ձգտում էր սահմանել իր վերահսկողությունը Օսմանյան կայսրության նկատմամբ, հարվածի տակ դնել Անգլիայի դիրքերը Հնդկաստանում և Եգիպտոսում, ինչպես նաև` թուլացնել Ռուսաստանի դիրքերը Կովկասում: Գերմանիան Բաղդադի երկաթուղու կառուցման հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանում իր տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ: Գերմանիայի քաղաքական շրջաններում գտնում էին, որ Արևմտյան Հայաստանում թուրքական միատարրություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով հնարավոր կլիներ լուծել երկու կարևոր հարց. երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու որակյալ բանվորական ուժով, մյուս կողմից` կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում: Մասնավորապես, հայտնի գերմանացի քաղաքագետ Պաուլ Ռորբախը գտնում էր, որ «…պետք է Արևմտյան Հայաստանից դուրս հանել բնիկ հայերին և նրանց տեղը վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերած մահմեդականների, և այդ դեպքում Հայաստանը մեկ հարվածով կպոկվի Ռուսաստանից»:
Ռորբախն առաջարկում էր Արևմտյան Հայաստանի հայերին գաղթեցնել Միջագետք, ինչը նրա կարծիքով կնպաստեր «…ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Գերմանացիների այս տեսակետը հիմք դարձավ երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության համար: Արևմտյան Հայաստանի հայերի հարցը ցեղասպանության ճանապարհով լուծելու վերաբերյալ երիտթուրքերի որոշումը վերջնականապես ընդունվեց 1910-ական թվականների սկզբներին` «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի մի շարք գաղտնի նիստերի և խորհրդակցությունների ժամանակ:
Այդ առումով հատկանշական էր 1911թ. Սալոնիկում գումարված` կուսակցության հերթական համագումարը, որտեղ հստակորեն դրվեց կայսրության բնիկ ժողովուրդի բռնի թուրքացման խնդիրը, ինչը հավասարապես տարածվում էր նաև կայսրության տարածքում բնակվող հայության վրա: Այդ համագումարում ընդունած որոշումները երիտթուրքերի ծրագրած քաղաքականության յուրովի պաշտոնական փաստաթուղթ դարձան: Դրանից որոշ ժամանակ անց Թուրքական պետության ներքին գործերի նախարար Թալեաթի ստորագրությամբ հատուկ գաղտնի հրահանգներ ուղարկվեցին կայսրության տեղական իշխանության մարմիններին` հայերի ոչնչացման նախապատրաստական հատուկ միջոցառումների վերաբերյալ: