ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունն Հայաստանում:  

«Եվրոպական միության գործընկերների հետ մենք միշտ հավակնոտ ծրագրեր ենք նախաձեռնել, քանի որ հիմքում փոխվստահության և գործընկերային հարաբերություններ են: Եվ այն բոլոր ձեռքբերումները, որ կան այսօր կրթական համակարգում, գիտության ոլորտում, մշակութային և երիտասարդական ծրագրերի իրականացմամբ, համատեղ աշխատանքների արդյունք են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, համատեղ աշխատանքի համար: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կրթամշակութային, երիտասարդական, գիտության ոլորտներում շարունակական կլինի՝ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի կյանքի կոչմամբ:

Կողմերն անդրադարձել են նաև համագործակցության օրակարգում խաղաղության կրթության անհրաժեշտությանը՝ ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլև ավելի լայն աշխարհագրության ընդգրկմամբ:

Նախարարն անդրադարձել է Արցախում Բերձորի ճանապարհի շրջափակմամբ պայմանավորված հումանիտար աղետին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև Արցախում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը, որի լուծման ուղղությամբ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին՝ փաստահավաք առաքելություն իրականացնող պատվիրակություն ուղարկելու նպատակով: