Ֆրանսիայի ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել, որ Արցախի բնակչությունն արդեն ավելի քան ութ ամիս է, ինչ տառապում է Բաքվի կողմից Բերձորի ճանապարհի արգելափակման հետևանքով։Կոլոննան ափսոսանք է հայտնել Բաքվի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին:Նա ընդգծել է, որ չլուծված հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով, ինչն արդար և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կտա: Այդ մասին նախարարը նշել էր նաև ապրիլի 27-ին և 28-ին Բաքու և Երևան կատարած իր այցերի ժամանակ:Նախարարը կրկնել է Բերձորի ճանապարհով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով վերականգնելու, բնակչությանն անխափան գազ և էլեկտրականություն մատակարարելու իր կոչը: Նա հիշեցրել է, որ Բաքուն պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, իրականացնի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, որն ունի պարտադիր կատարման ուժ։