Բալկանյան պատերազմները, որ մղվում էին բալկանյան դաշինքի և Թուրքական պետության միջև, հանգեցրին Բալկաններում և ողջ Եվրոպայում միջազգային հարաբերությունների սրմանն ու արագացրին Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը: Առաջին բալկանյան պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը հող նախապատրաստեց Արեւմտյան Հայաստանի հայերի հարցի նոր արծարծման համար, որի արդյունքում Արևմտյան Հայաստանի բարեփոխումների հարցը հայ հասարակական շրջանների և ռուսական կառավարության գործուն մասնակցության շնորհիվ դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա: 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIXդ. վերջին – XXդ սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին` Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը` 1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց 10 մլն, և վիրավորվեց 20 մլն մարդ: 1914թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը` բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ: Ամիսներ անց ամերիկյան մամուլին տված իր հարցազրույցում Էնվեր փաշան հետևյալ կերպ կմեկնաբանի Թուրքական պետության  մասնակցության պատճառները. «Անկասկած, աշխարհը դժվարությամբ է ըմբռնում, որ Թուրքական պետությունը այլևս նույնը չէ, ինչ նախկինում էր: Այսօր պատերազմ է մղում ոչ թե թուրքական կառավարությունը, այլ թուրք ժողովուրդը: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի թերթերը շատ են գրում այն մասին, որ Թուրքիան պատերազմի մեջ մտավ Գերմանիային օգնելու համար: Դա ճիշտ է այս պահի համար, բայց ոչ այն պահի, երբ մենք հավաքագրում էինք մեր ուժերը: Այսօր Ավստրո-Հունգարիան և Գերմանիան օգնում են մեզ, մենք էլ` իրենց: Մենք զինվորագրվեցինք, որովհետև այլ ուղի չկար: …Ռուսաստանը, նվաճելով մեր տարածքները, սպառնում էր Սև ծովում և Կովկասում, իսկ Անգլիան գործողություններ էր ծավալում Միջագետքի դեմ և նավատորմ էր տեղադրել Դարդանելի առաջ: Մենք սպասեցինք ևս մեկ շաբաթ և պատերազմ հայտարարեցինք: Թուրքիան այժմ ունի լավ պատրաստված և զինված 2.000.000-անոց բանակ: Մեզ այնքան են զրպարտել, որ այժմ մենք կամենում ենք աշխարհին զենքով համոզել, որ մենք ազգաբանորեն մեռած չենք, ինչպես ոմանք պնդում են»: («Ասոշիեյթիդ փրես»-ին տված հարցազրույցից, 20-ը ապրիլի, 1915թ.):