Բարձրահասակ, ամրակազմ, թիկնեղ, շագանակագույն աչքերով, շիկահեր, գեղեցկադեմ  Նորայր Նահապետյանը  ծնվել է 1997թ.-ի հունվարի 4-ին: Սովորել է Հացիկի միջնակարգ դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո մեկնել է  զինվորական պարտքը տալու հայրենիքին: Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ Եղել է կարգապահ, օրինակելի զինծառայող,  արժանացել է բազմաթիվ շքանշանների և պատվոգրերի, ստացել է ավագ սերժանտի կոչում և սիրվել հրամանատարների ու իր ենթակաների կողմից: Նորայր Նահապետյանը քառօրյա պատերազմի մասնակից է եղել։ Երկու տարի ծառայելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության Արմավիրի՝ Մարշալ Բաղրամյանի անվան զորամասում որպես ավագ սերժանտ: Մասնակցել է քառասունչորս օրյա պատերազմին, ցուցաբերելով կարգապահություն և քաջություն, ստացել է լեյտենանտի կոչում և տեղափոխվել կռվի դաշտ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու: Մարտեր է տարել կռվի թեժ կետերից մեկում՝ Կուբաթլուում:

Ընտանիքը  լուր չունի Նորայրից: Վերջին անգամ նրանց հետ կապի է դուրս եկել 2020 թվականի  հոկտեմբերի 21-ին։ Ընտանիքը  շատ պատմություններ է լսել նրա զոհվելու կամ գերի ընկնելու մասին, սակայն դեռևս ոչ մի հիմնավոր ապացույց չունեն: Ընտանիքը հույսը չկորցնելով դեռ սպասում է նրա վերադարձին: