ԱՄՆ-ն կոչ է անում Բաքվի իշխանություններին վերականգնել Բերձորի ճանապարհով տեղաշարժը։
Հայաստանի Հանրապետության խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Նրա խոսքով` ԱՄՆ-ն անհանգստացած է Արցախի հումանիտար իրադրությամբ և խիստ անհանգստացած է Բերձորի ճանապարհի փակմամբ:
«Մենք Բաքվի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Բերձորի ճանապարհով երթևեկությունը։ Մենք նաև նշում ենք այլ երթուղիների շուրջ փոխզիջման հնարավորությունը։ Հումանիտար փոխադրումները չպետք է սահմանափակվեն», — հայտարարեց նա։
Ըստ ԱՄՆ ներկայացուցչի` կողմերը պետք է շարունակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ինչը ճկունություն և փոխզիջումներ է պահանջում։
ԱՄՆ-ը կողմերին զսպվածության և մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կոչ է անում։
«Մենք կշարունակենք մասնակցել բոլոր գործընկերների հետ աշխատանքին», — եզրափակեց դիվանագետը: