19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ.-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք: Մայրը պատմում է, որ տղայի մեկնումը 2020թ.-ի օգոստոսին եղել է շատ հապճեպ: Գագիկը միանգամից որոշել է, որ պիտի գնա պարտքը տալու հայրենիքին: Ռոստովից թռիչքը օգոստոսի 14-ին է եղել: Համավարակով պայմանավորված՝ բավական դժվարությամբ են կարողացել ինքնաթիռի տոմս գտնել: Տղան արգելել է մորն իր հետ գալ Հայաստան: Գյումրու զինկոմիսարիատում սկզբում հրաժարվել են զորակոչել Գագիկին՝ ասելով, որ ուշացել է, թող գնա ու ներկայանա հաջորդին: Գագիկը բողոքարկել է որոշումը, հայտարարել, որ առանց այդ էլ ուշացրել է ծառայության մեկնումն ու պահանջել, որ հարցն անհապաղ լուծեն:

Գագիկը զորակոչվել է օգոստոսի 24-ին: Ծառայության վայրն, ըստ վիճակահանության, Ջրականն էր: «Եթե չգնար, չէր զոհվի,- մայրը հոգոց է հանում,- վիրուսի հետ կապված, դրսից եկողները պիտի կորոնավիրուսի թեստ հանձնեին, էնտեղ 14 օր մեկուսանալու պահանջ կար, բայց Գագիկս գնացել, սաղ արագի մեջ արել էր, վճարովի թեստը հանձնել էր, զինկոմում էլ ասել էր՝ ես ոչ մի բժշկական խնդիր չունեմ, չէր թողել, որ բժշկական կոմիսիան խորությամբ բուժզննում անի, պնդել էր, որ իրեն շուտ տանեն բանակ: Գագիկս առաջին-երկրորդ կարգի հարթաթաթություն ուներ, բացի դրանից՝ Ռուսաստանում կռվի մեջ էր ընկել, աջ ձեռքը դաստակից կոտրվել էր, կպցրել էին՝ ծուռ էր կպել, երկրորդ անգամ էին ջարդել-կպցրել, ու տղայիս աջ ձեռքի բութ մատն ու ցուցամատը 70 տոկոս շարժունակությունը կորցրել էին: Եթե թողներ, որ իրեն նորմալ բժշկական հետազոտության ենթարկեին, հաստատ չէին զորակոչի»:

Զորակոչից հետո Գագիկը կարանտինային 14 օրը եղել է Ստեփանակերտում, օգոստոսի վերջին անցել է ծառայության: Զորամասում տղայի մոտ ստամոքսի ցավեր են սկսվել՝ տեղափոխել են հիվանդանոց, որտեղից նրան դուրս են գրել սեպտեմբերի 21-ին՝ ասելով, որ եթե կրկնվի, կուղարկեն Երեւան: Կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, արդեն պատերազմ էր Արցախում: «Էն ժամանակ չէի հասկանում, թե ինչու էր Գագիկս էդպես շտապում: Բայց հետո, ամիսներ անց, իմացանք, որ մեկնելուց առաջ՝ օգոստոսի 12-ին, ռուս ընկերը վոթսափով գրել էր, թե ինչու է Գագիկն էդքան շտապում Հայաստան գնալ: Գագիկն էլ պատասխանել էր, թե Արցախում ծառայող ընկերներից իմացել է, որ հնարավոր է պատերազմ սկսվի, ու ինքը գնում է ընկերների կողքին լինելու,-պատմում է Լուսինեն,- իր գյումրեցի ընկերներից Սամվել Հովակիմյանն էլ է զոհվել էս պատերազմում՝ կամավոր էր գնացել: Սամվելը մի քանի տարի մեծ էր Գագիկից, բայց իրենք շատ մտերիմ էին: Ու հիմա՝ ամիսներ անց, ռուս ընկերոջ հետ եղած խոսակցությունն իմանալուց հետո եմ հասկանում, թե ինչի էր ինքն ուզում հենց օգոստոսի զորակոչով գնար բանակ»:

Գագիկը բարձրահասակ էր՝ 1,85 մ հասակ ուներ, զբաղվում էր բռնցքամարտով, մասնակցում «Մարտեր առանց կանոնների» մենամարտերին: Դաջվածքների մասնագետ էր: Մայրը տղային նկարագրում է որպես նպատակասլաց, անվախ, որոշումներ կայացնող, համառ եւ արդարության համար պայքարողի: Ասում է, որ պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում: Գագիկը խոսել է մոր հետ սեպտեմբերի 28-ին, հայտնել, որ առաջնագծում է: Լուսինեն հարցրել է, թե ինչ զենքով են կռվում, տղան կատակել է՝ у меня игрушка автомат: Հետո զանգել է հոկտեմբերի 2-ին ու հայտնել, որ զենքը փոխել են:

«Իրենց գտել էին ռազմական ոստիկանության միջոցով, քանի որ Գագիկս զանգել էր այդ համակարգում մեր ծանոթին, վերջինս էլ զանգեց ինձ, էդպես եմ իմացել, որ տղաս ու իր ընկերները կորած են Ջաբրայիլի անտառներում: Հետո Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն էին զանգել, հետո Հադրութ, էդպես գնացել, իրանց գտել էին, բայց տարել, ծեծել էին: Գագիկս, որ զանգեց, ասեց՝ у меня большая шишка на голове, но я на них не обижаюсь, самое главное-мы спасены: Հետո էդ փրկվածներով լուսանկարվել էին: Հոկտեմբերի 10-ին հրադադար էին հայտարարել, բայց թշնամին անմիջապես խախտեց: Էդ ժամանակ թուրք վարձկանները լցվել էին Հադրութի զորամաս, էրեխեքը չգիտեմ ինչ հրաշքով էին փրկվել, որովհետեւ զորամասը տրաքցրել էին թուրքերը: Մենք ծնողներով գտել էինք հրամանատարին ու հարցնում էինք՝ ու՞ր են մեր էրեխեքը, ինքը, գժված, գլուխը պատերին խփելով, ասում էր՝ ինձնից երեխա չուզեք, աչքիս առաջ սաղ օդ են ելել, տրաքցրել են»:

Լուրը, որ Գագիկն ու ընկերները զոհվել են զորամասում, հերքվել է տղայից ստացած զանգով: Տղան մորը հայտնել է, որ ընկերներով պատսպարված են եկեղեցու նկուղում, զենք ունեն, սակայն իրենց հետ կան ծանր վիրավորներ, եւ չգիտեն ինչպես դուրս գան տարածքից, որն արդեն թշնամու վերահսկողության տակ է: Դա եղել է Գագիկից ստացած վերջին հեռախոսազանգը: 

Որոնումների ընթացքում հարազատները փորձել են հանդիպել Գագիկին ճանաչող վիրավոր ծառայակիցներին: Վերջիններս պնդել են, որ Գագիկը ողջ է, անգամ վիրավոր չէ, սակայն չգիտեն, թե կոնկրետ որտեղ է նա: Լուսինեն ասում է, որ այդ կարճ ժամանակամիջոցում շատերն են հասցրել նրան ճանաչել, ու բոլորը խոսելիս նշում էին՝ Ռուսաստանից եկած դաջվածքներով տղան: Գագիկս դաջվածքների սիրահար էր, իր մարմնին շատ հետաքրքիր, չկրկնվող դաջվածքներ կային: Կրծքավանդակի մասում մեծ դաջվածք ուներ՝ հայերեն գրած էր «Միայն Աստված է ինձ դատում»: Հետագայում, երբ տղայիս խոշտանգված դին  հասավ հարազատներին , մարմնի վրա դանակի հարվածներ կային, ու հատկապես խոցել էին Աստված բառը:

Որոնումներն անարդյունք էին, եւ Գագիկ Մկրտչյանի անունը հայտնվում է անհետ կորածների ցուցակում: Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Լուսինեն համացանցում տեսնում է տղայի նկարը: Անծանոթ օգտատերը, որը տարածել էր այն, գրել էր, թե գերեվարվածների նոր տեսանյութ է հայտնվել, սակայն այն չի դնում, քանի որ բռնության տեսարաններ կան, առաջարկել է մարդկանց, ովքեր ճանաչում են լուսանկարի տղային գրեն իրեն, ինքը կուղարկի տեսանյութը: Լուսինեն կապ է հաստատում օգտատիրոջ հետ, ուղարկում տղայից եւս մի քանի լուսանկար եւ ստանում տեսանյութը, որով ապացուցվում էր, որ Գագիկը գերի է ընկել: Բացի Գագիկից, տեսանյութում եւս մեկ գերեվարված է եղել քաղաքացիական հագուստով:

«Իրեն բռնել էին ոչ թե ազերները, այլ թուրք վարձկանները,- ասում է Լուսինեն,-դաժանաբար ծեծում էին, բայց ինքը մինչեւ վերջ ասում էր, որ Ղարաբաղը конкретно Армения и точка: Նույնիսկ քացով բերանին են խփում ու հարցնում են՝ լա՞վ է, որ չես ասում մեր ուզածը, Գագիկը նորից հայերեն կրկնում է, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ,- Լուսինեն չի առաջարկում, իմ համարձակությունն էլ չի հերիքում նայելու տեսանյութը:

Ըստ մամուլիցստացած տեղեկությունով՝ Գագիկը գերեվարվել է դեկտեմբերի 6-ին, Հադրութի Տյաք գյուղից: Դեկտեմբերի 3-ին լուրերով հայտնում էին, որ Հադրութի գյուղերից մեկում կրակոցներ են լսվել, զինվորներ կան ողջ մնացած, որ պայքարում են իրենց կյանքի համար, բանից պարզվեց, որ Գագիկենք են եղել, բայց ոչ մեկ չգնաց էդ երեխեքին փրկելու: Ստացվում է, որ երեխեքը գերեվարվել են զենք չունենալու եւ անտարբերության  պատճառով: 

2020թ.-ի դեկտեմբերից մինչեւ 2021թ.-ի ապրիլ ամիսը Լուսինեին չի հաջողվում տղայի ողջ լինելու որեւէ ապացույց ստանալ: Տղայի անհետանալուց վեց ամիս անց մայրը ստանում է նրա խոշտանգված դին: «Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետեւից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում»:

Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը: Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել։

Գագիկը եղել է գլխատված: Մայրը դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են եւ ստացել բացասական պատասխան: Մոր համար տղայի մարմինը գտնելուց հետո անպատասխան հարցերն ավելի են շատացել: Ասում է, որ առանց այդ էլ իրարամերժ տեղեկություններին ավելացել են տեղի պատասխանատուների կողմից տրվող պարզաբանումները:

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան