Սամվելի 23-ամյակը պետք է լրանար 2020թ-ի հոկտեմբերի 26-ին՝ զոհվեց ծնունդից 15 օր առաջ: Սամվելը ժամկետային ծառայությունն անցել էր 2016-18թթ-ին՝ Ասկերանում, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ 3-4 ամսվա զինծառայող էր եղել: «2017թ-ի փետրվարի 25-ին դիվերսիա եղավ, դրա չեզոքացմանն ինքը մասնակցել էր, էդ ժամանակ թուրք էին խփել, իրեն էլ պարգեւատրել էին «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:,-հիշում է մայրը,-ու երեւի դրանից էր, որ էդ ամեն ինչը տեսել էր, ցանկությունը մեջը եռում էր նորից Արցախ հասնելու, նորից կռվի մեջ մտնելու»: 

Սամվելը Գյումրիից Արցախ է մեկնել հոկտեմբերի 6-ին՝ կամավորների 98 հոգանոց խմբի հետ: Հոկտեմբերի 6-ին տարել են Երեւան ու անմիջապես տեղափոխել Արցախ, սակայն տանեցիները համոզված են եղել՝ հատկապես մայրը, որ խումբը Արարատում է: Սամվելը վստահեցրել էր հարզատներին, որ Հայաստանում են լինելու: Ամեն օր զանգել է, ու այնպիսի տպավորություն է ստեղծել, թե ռազմի դաշտում չեն: Վեջին զանգն եղել է հոկտեմբերի 8-ին, ժամը երեկոյան 20-ին: Ընտանիքի անդամներին ասել է, որ առավոտյան էլ կզանգի, լուսաբացին ուղարկել է 8 ձայնային հաղորդագրություն, բարի լույս է մաղթել: Հետո գրել էր, որ իրենց զորավարժությունների են տանելու, եթե անհասանելի լինի՝ չվախենան: Գրել է, որ հետ գա, կգրի կամ կզանգի: Հետո մայր անընդհատ զանգահարել է, բայց Սամվելը անհասանելի է եղել: Սամվելը մահացու վիրավորում ստացել է հոկտեմբերի 10-ին: Մանրամասները իմացել են հետո, իր զինակից ընկեր Գոռից:

Գյումրիից մեկնած կամավորները 4 օր եղել են Ջրականում, այնտեղ կռվի մեջ չեն մտել, հետո նրանց տեղափոխել են Հադրութ՝ ասելով, որ թշնամու մեկ վաշտ պետք է չեզոքացնել: Սամվելը եւ Գոռը վիրավորվել են Հադրութում՝ թշնամու դիվերսիոն խմբի դեմ մարտնչելիս: Տղաներին իջեցրել են Հադրութ, հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտ: Գոռին թվացել է, թե Սամվելի վիրավորումը թեթեւ է, հետո պիտի պարզվեր, որ ընկերը որովայնային ծանր վիրավորում է ստացել: Գոռը գիտակցությունը կորցրել է հիվանդանոց չհասած, այդ պահից սկսած ընկերոջ հետ կապը կորել է: Սամվելին Ստեփանակերտում վիրահատել են, սակայն ստացած վերքն անհամատեղելի է եղել կյանքի հետ: Ընկերոջ մահվան լուրը Գոռն իմացել է համացանցից: Փնտրել, գտել է Սամվելի ընտանիքին: