Արցախում Բաքվի կողմից շարունակվող ցեղասպանության վերաբերյալ հրատապ առցանց ասուլիսին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ուշ միացավ, որովհետեւ Ադրբեջանը րոպեներ առաջ կտրել էր Բերձորի միջանցք եկող ինտերնետի մալուխը: Նա հայտարարեց. «8 ամիս շարունակ Արցախի մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը տարբեր զեկույցներով, տարբեր տեղեկանքներով մշտապես ներկայացրել է տարբեր կազմակերպությունների, որ սա համակարգված իրականացվող գործողություններ են, որոնց նպատակն է Արցախի ժողովրդին ոչնչացնելը: 8 ամիս շարունակ ահազանգել ենք, խնդրել ենք միջազգային ներկայություն, խնդրել ենք, որ տեղում իրավիճակի մասին փաստահավաք իրականացվի, ներկայացվի միջազգային կառույցներին»:

Նա նշեց, որ ցավալիորեն, երեկ նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասում էին, թե մենք տեղում ներկայություն չունենք եւ հիմնվում ենք Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության վրա. «Դա ո՞ւմ մեղավորությունն է: Արցախում մարդու իրավունքների լայնածավալ խախտումների պարագայում ՄԱԿ-ը, որը աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման կարեւոր գործառույթ ունի, 8 ամիս հետո չունի որեւէ ներկայություն: Սա նաեւ հենց այդ կառույցի ձախողման, իր առաքելությունը չկատարելու հետեւանք է: Օր առաջ այս ցեղասպանությունը կանխելու համար պետք է միջազգային ներկայություն ապահովել Արցախում, որը զսպիչ դեր կկատարի: Արձանագրել ենք արդեն սովամահության դեպք եւ սա սպառնում է 120 հազար մարդու»:

Ըստ նրա, ոչ թե պետք է ՄԱԿ-ում «պրոտոկոլային» հայտարարություններ լինեն, այլ լինեն հստակ գործողություններ, որովհետեւ ամեն օրը կարեւոր է: