Այս տարվա համար արդեն ավարտված են համարվում հայ-գերմանական միացյալ արշավախմբի կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ եւ Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում իրականացված պեղումները, որոնք սկսվել էին 2020 թվականից։

Պեղումները տվել են չափազանց կարեւոր արդյունքներ ու տեղեկություններ Սեւանա լճի հյուսիս-արևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի եւ դամբարան, որը թվագրվում է  Ք.ա. III հազարամյակի առաջին կեսով: Դաշտային եւ լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ ապրող հասարակությունը զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ, մետաղագործությամբ, ունեցել է ինքնատիպ ճարտարապետական եւ բրուտագործական ավանդույթներ:

Արշավախմբի անդամ, հնաբուսաբան Ռոման Հովսեփյանի ներկայացմամբ՝ բուսական մնացորդների հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական փափուկ ցորեն եւ թեփուկավոր գարի են  հիմնականում մշակել տարածքում ու պաշարել այստեղ: «Հացաբույսերի մշակությունը, ամենայն հավանականությամբ, եղել է հարակից սարերի լանջերին՝ անջրդի պայմաններում: Մենք ունենք, բացի հացահատիկի մնացորդներից, նաեւ հենց հասկի մնացորդներ, ինչը վկայում է, որ հացահատիկը ոչ թե ինչ-որ տեղից են բերել եւ օգտագործել, այլ հենց տարածքում, շրջակայքում են մշակել»,-նշեց Ռոման Հովսեփյանը: