Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի  ձևաչափով արդեն երկրորդ քննարկման ժամանակ հնչած գնահատականներն ու Բաքվին ուղղված հասցեական ուղերձներն ըստ էության լրացնում էին մինչ օրս տարբեր կառավարությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները։

Հատկանշական էին անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցչի ելույթներն առ այն, որ Բաքուն պարտավոր է վերացնել Բերձորի ճանապարհի  ապօրինի արգելափակումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների։ 

Ակնհայտ է, որ Բաքուն շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով էթնիկ զտումների ենթարկել Արցախի բնիկ ժողովրդին։ Ավելին, Բաքուն փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում՝ այն մեկնաբանելով որպես իր որդեգրած քաղաքականության շարունակման թողտվություն: Ընդգծում ենք Արցախում հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ առկա միջազգային ողջ գործիքակազմի օգտագործման և Բերձորի չանապարհով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման և Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի ապահովման հրատապությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով միջազգային անվտանգությանը և խաղաղությանը նպաստելու իրենց մանդատին հավատարիմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների սկզբունքային և արդար դիրքորոշումները, շարունակելու է աշխատանքները տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հետևողական քայլերի գործադրմամբ Բերձորի չանապարհի ապաշրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: