1915 թվականի  մայիսի 27-ին Երիտթուրքական կառավարությունը վավերացրեց Թալեաթի` մայիսի 22-ի տեղեկագիրը և ներքին գործերի ու զինվորական նախարարություններին հրահանգեց դրանց գործադրությունը: Նույն օրը Թալեաթը տվեց հայերի տեղահանության և ջարդի հրամանագիրը։ Օրեր անց  Տիգրանակերտ-Խարբերդ ճանապարհահատվածում մորթվեցին 1914թ. նոյեմբերից ի վեր շինարարական ճամբարներում աշխատող 12 000 հայ զինվորներ: Արդեն հունիսի 3-ին տեղահանվեց Հաճընի հայությունը:  Հունիսի վեցից տեղի ունեցավ Արաբկիրի հայերի տեղահանությունն ու կոտորածը: Արաբկիրից դուրս եկած հայերի քարավանները հերթականությամբ գնդակահարվեցին Եփրատի ափին, և այսպիսով հուլիսի վերջերին Արաբկիրում այլևս հայ չմնաց: Հուլիսի 10-ից սկսվեց Մուշի կոտորածը: 15 000 հայերից փրկվեցին միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից` միայն 9 000-ը: Արդեն հուլիսի 15-ին Կարինի կուսակալ Թահսին կենտրոնին ուղղված իր նամակում գրում էր. «Կարինի շրջակայքում հայերի հանդեպ խժդժություններն անցել են ամեն սահման: Դրամի և կանանց համար գործադրված խայտառակությունները ծայրահեղորեն ամոթալի են և դեմ են մարդկությանը: Պետք է դրա առաջն առնել և, մանավանդ, վերջ տալ ամեն կողմ «Թեշքիլաթը մախսուսե» անվան տակ գործող չեթեներին: Խարբերդի կուսակալը գրում է, թե բոլոր ճանապարհները լեցուն են կանանց և երեխաների դիակներով, և ժամանակ չենք գտնում դրանք թաղելու համար: Լավ կլիներ, եթե պահպանեինք մեր վեհանձնությունն ու ազգային կերպարը»: