Գագիկ Խաչատուրյանը ծնվել է 1997 թվականին Երևանում,բայց մանկության տարիները անցկացրեց Թբիլիսիում։ 

Տաղանդավոր փոքրիկը սիրում էր երաժշտություն, Վրաստանում հայկական երգչախմբի մենակատարն էր։ Վեց տարեկանում սկսեց հաճախել Թբիլիսիի հայկական դպրոց, ու տաղանդավոր փոքրիկը միանգամից աչքի ընկավ։ Հանդեսների, թատերական ներկայացումների համն ու հոտն էր։ Արդեն 2008 թվականին Գագիկի ընտանիքը որոշեց վերադառնալ հայրենիք։ 11-ամյա երեխան միշտ թաքուն երազում էր Հայաստանում ապրելու մասին, ու երևի հենց այդ սերը նրան օգնեց հաղթահարել հայրենիքում իրեն սպասող դժվարությունները։Գագիկն ընդունվեց Երգի պետական թատրոն, և կարճ ժամանակ անց հայաստանյան կյանքը գունավորվեց․ մի միջավայր, որը, ըստ նրա, թույլ տվեց ինքն իրեն սիրել Հայաստանում՝ որպես իսկական հայ։ Գագիկը մասնակցում էր բազմաթիվ մրցույթների ու հեռուստաշոուների, ստանում պատվոգրեր ու գրավում լսարաններ։ 2015 թվականին Գագիկն ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին, ավելի ուշ սկսեց երգել նաև Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում։ Բանակ զորակոչվելու շրջանն էր, Գագիկն ուներ այլընտրանք՝ ծառայել Վրաստանում, բայց միթե դպրոցական տարիներին հայրենիքում ապրելու ու ստեղծագործելու երազանքով ապրած Գագիկը կարող էր ընտրել այլ երկիր։ Ասում էր՝ եթե կարիք լինի, նույնիսկ ամենաթեժ կետեր եմ գնալու։ Ու գնաց Մեխակավան ։ Գագիկը նույնիսկ ծառայության ժամանակ էր աչքի ընկել իր բացառիկ առաջադիմությամբ։ Մեկ տարի անց կրտսեր սերժանտի կոչում էր ստացել, շատ ընկերներ ձեռք բերել։ Գագիկը պատերազմում ծառայակից ընկերներին մենակ չթողած ու մինչև վերջին շունչը պայքարը հավատով շարունակած բազում զինվորներից մեկն է՝ նահատակված, բայց անմահացած․ հայրենիքը կյանքից առավել սիրող զինվորներից մեկը, որը գնաց՝ Հայաստանում ապրելու ու արարելու երազանքն աչքերում։

Հոկտեմբերի երկուսին զանգել էր ընկերներից մեկին, ծնունդը շնորհավորել։

«Շնորհավո՜ր, լսու՞մ ես, քեզ համար հրավառություն ենք կազմակերպել»։ Հեռվից լսվում էին կրակոցի ձայները։ Դա Գագիկի կյանքի վերջին զանգն էր։