Բաքվի իշխանության կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամի պայմաններում բնակիչները փորձում են գոյատևել ով ինչպես կարողանում է։ Հացի խնդիրը հանրապետությունում շատ է սրվել, քանի որ գյուղացիները թշնամու կրակոցների պատճառով չեն կարողանում ցորենը հավաքել, ալյուրն էլ գնալով պակասում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։

«Ալյուր ստանալու համար այս տարվա ցորենի բերքն են արդեն օգտագործում, իսկ Բաքուն անընդհատ սադրում է, կրակում հենց այն դաշտերի ուղղությամբ, որտեղ բերքահավաք են փորձում իրականացնել։ Ամեն դեպքում, ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս շուտ ցորենը բերվի նշված վայր։ Ժամանակ է պետք, որպեսզի ցորենի հետ կապված գործընթացը կազմակերպվի։ Վերջին 2 օրը Ստեփանակերտի փռերի մեծամասնությունը չէր աշխատում, բայց պետք է, որ շուտով վերսկսվի: Արդեն ավելի քան 2 ամիս է` սարսափելի վիճակ է Արցախում, մինչև հունիսի 15-ը տեղափոխված բեռներից այլևս պաշար չի մնացել, ժողովուրդն էլ փորձում է ամեն ինչի համար ալտերնատիվ տարբերակներ գտնել, որպեսզի գոյատևի»,– ասաց Ասատրյանը։