Օգոստոսի 21-ին ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ եւ արտասահմանյան բուհեր: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ, հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ եւ պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային եւ այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ: Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները եւ իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը եւ օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղեւորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը: