Արցախյան 44-օրյա պատերազմում Ջրականի ուղղությամբ հակառակորդի հարձակման  գլխավոր հարվածը եղել է 3-րդ և 2-րդ հրաձգային գումարտակների պաշտպանության շրջանի դիրքերի ուղղությամբ։ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ջրականում՝ 9-րդ պաշտպանական շրջանում հաջողվել է 6 գիշեր և 7 ցերեկ դիմադրել ադրբեջանական մի քանի անգամ գերազանցող զինված ուժերի հարձակմանը՝ թշնամուն պատճառելով մեծածավալ կորուստներ։  

Երրորդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Դավիթ Նազարյանի գլխավորությամբ,  գումարտակին հաջողվել է պատերազմի առաջին օրերին հետ վերցնել և պահել իրենց դիրքերը՝ մինչև 2020թ․-ի հոկտեմբերի 3-ը։ Դավիթ Նազարյանը զոհվել է հոկտեմբերի 18-ին՝ Հադրութի շրջանի Թութակներ կոչվող տեղամասում։ 

44-օրյա պատերազմի ժամանակ 9-րդ ՊՇ-ի հրամանատար, գնդապետ Արտյոմ Պողոսյանը հիշում է․

«Դավիթի հետ անցել ենք երկար ճանապարհ՝ Քարվաճառում, Կապանում և վերջում 2020թ․-ին միասին ծառայում էինք Ջրականում։ Ես  9-րդ ՊՇ-ի հրամանատարն էի, ինքը՝ գումարտակի հրամանատար։ Խնդրում եմ այսօր տխուր չլինել, այսօր մեր ընկերոջ ծննդյան օրն է։ 2022թ․-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ էլ եմ մասնակցել` որպես հրամանատար, կողքս էլի իմ զինակից ընկերներն էին ու մենք ամեն որոշում կայացնելուց մտքում հիշում էինք մեր զոհված ընկերների համարձակությունը։ 9-րդ պաշտպանական շրջանում հակառակորդի գործողությունների ընթացքում որևէ մարտական դիրք հակառակորդը չի կարողացել առանց կորուստներ կրելու տիրել։

Դավիթ Նազարյանի գլխավորած 3-րդ գումարտակի ամեն 7-հոգանոց դիրքի վրա հարձակվել է 70-80 հոգանոց հակառակորդի խումբ ու մինչև հոկտեմբերի 3-ը գումարտակը կանգնել է իր պաշտպանական շրջանում և հասցրել է հակառակորդին առավելագույն կորուստներ, բոլոր իմ դրած խնդիրները գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանը կատարել է։ Առանց գումարտակի՝    իրեն ենթակա հրամանատարների, առանց դիրքի ավագների, զինվորների գնդի հրամանատարը սովորական մարդ է, ես ուժեղ եմ եղել իրենցով» ։