1919 թվականի հունվարի 27-ին Կ. Պոլսի ռազմական ատյանի նիստին Մուստաֆա Քեմալը երիտթուրքերի մասին ասաց հետևյալը. «Այն փաշաները գործեցին չտեսնված, անպատմելի և անըմբռնելի ոճիրներ և իրենց անձնական շահերն ապահովելու համար երկիրը հասցրին ներկա վիճակին: Նրանք գործադրել են ամեն տեսակի բռնություն, կազմակերպել են տեղահանություններ և ջարդեր, նավթով այրել են ծծկեր մանուկների, իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ բռնաբարել են կանանց և աղջիկների, զավակներին, մանավանդ, աղջիկներին բաժանել են իրենց ծնողներից, բռնագրավել են հայերի անշարժ և շարժական ունեցվածքը, ամեն բռնություն գործադրելով` հայերին տարագրել են մինչև Մուսուլ` նրանց ողբալի վիճակի հասցնելով, հազարավոր անմեղների ծովն են նետել, մարդկանց բռնադատել են, ստիպել հավատափոխ լինել, սովալլուկ ծերունիների ամիսներով քայլեցրել և ստիպել են աշխատել, երիտասարդ կանանց նետել են որևէ ազգի պատմության մեջ նմանը չունեցող զարհուրելի հանրատները»: Արդեն փետրվարին սկսվեց երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը, որոնք մեղադրվում էին պատերազմի ընթացքում գործած հանցանքների, երկիրը կործանարար պատերազմի մեջ ներքաշելու մեջ: Առաջ քաշած մեղադրանքների մեջ առկա էր նաև Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կոտորածներ կազմակերպելու և իրականացնելու մեղադրանքը: Սակայն երիտթուրքերի որոշ առաջնորդներին ներկայացված դատավճիռը կրում էր «հեռակա» բնույթ, քանի որ նրանք հասցրել էին պատերազմի ավարտին փախչել երկրից: Հուլիսի 5-ին հրապարակվեց երիտթուրք պարագլուխների դատավճիռը, ըստ որի, 31 հանցագործներից 4-ը` Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը, դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ը` տարբեր տարիների ազատազրկման: