Ինչպես տեղեկացնում է Կոստանդնուպոլսում հրատարկվող Ակօս շաբաթաթերթը, փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերից տուժած Արևմտյան Հայաստանի Վաքըֆ գյուղում սկսվել են մեծապես վնասված տների քանդման աշխատանքները։ Գյուղում առկա է վթարված 15 շինություն։ Տների քանդմամբ կփոխվի նաև գյուղի ուրվագիծը։ Բացի երկաթբետոնե շինություններից, կքանդվեն նաև վնասված հին քարե տները։ Մյուս կողմից, պատրիարք Սահակ Մաշալյանը, ով անցյալ շաբաթ Աստվածածնի Վերափոխման տոնին գյուղ էր եկել, իր քարոզի ընթացքում ասաց, որ եկեղեցին պիտի վերանորոգվի։ Մաշալյանը նշեց, որ եկեղեցու վերանորոգման ծախսերը հոգալու է պատրիարքարանը։ Մաշալյանը նաև ներկայացրեց, թե ինչպես են Վաքըֆ գյուղի եկեղեցու և պատրիարքարանի իրավասության տակ գտնվող՝ երկրաշարժից տուժածների համար հավաքված նվիրատվությունները բաշխվելու եկեղեցուն կից համայնքին։