Ադրբեջանցիները պատրաստվում են մզկիթի վերածել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Արտակ Ղուլյանը: «Ադրբեջանցիները Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը մինչեւ հանելը ասել էին, որ իբր դա եղել է ռուսական, այդ թվում նաեւ Կանաչ ժամը, որը արդեն հանել են: Բայց պատմականորեն անհերքելի վկայություն կա, որ Ղազանչեցոցի վեղարը եղել է այնպիսին, ինչպիսին մինչեւ հանելն էր, ճարտարապետորեն նախագծված, հայերեն արձանագրություններով եւ այլն: Ես հետեւում եմ, թե ինչ են փորձում անել Ղազանչեցոցի հետ եւ կարող եմ ասել, որ իրենք կեղծ գիտական ինչ-որ հիմքեր են հորինում: Նախ, ինձ թվում է, որ Շուշիում եւ Բերձորում իրենք չեն, այլ ինչ-որ թուրքական շինարարական կազմակերպություններ են, եւ ամեն կերպ հայազրկում են եկեղեցին: Թուրքերը մեծ փորձ ունեն բյուզանդական եկեղեցիները թուրքացնել, դրա օրինակն է Սուրբ Սոֆիան»,- ասաց նա:
Ճարտարապետը կարծում է, որ ինչ էլ անեն, ամեն դեպքում Սուրբ Ղազանչեցոցի հայկականությունը մնալու է, չեն կարողանալու թաքցնել: Եթե Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թեկուզ ձեւափոխված կպապահնվի, ապա Արցախի օկուպացված վայրերում կան վանքեր ու եկեղեցիներ, որոնց ճակատագիրն անհայտ է, դրանցից են՝ Թալիշի մոտ Հոռեկավանքը եւ Եղիշե Առաքյալի վանքը:
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Բաքվի ռազմաօդային ուժերի կողմից հրթիռակոծվել է և վնասվել է եկեղեցու գմբեթը: