Տարբեր առումներով բավական բարդ իրավիճակում գտնվող Օկուպացված Արևմտյան Հայաստանի հայերի շրջանում, հատկապես վերջին տարիներին, նկատվում են նոր զարգացումներ, որոնք ձեռք են բերում հետաքրքիր ուղղվածություն։ Ավելորդ չէ նշել, որ ներկայումս Օկուպացված Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական և քաղաքական պայքարն բնիկներին որոշ սահմանափակ հնարավորություններ է ընձեռում, և, բացի այդ, հենց փոքրամասնությունների շրջանում ինքնագիտակցության մակարդակի բարձրացում է նկատվում։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Արևմտյան Հայաստանի  հայերի տարբեր խմբերում ի հայտ են գալիս ինքնակազմակերպման նոր և ուշագրավ երևույթներ։ Հետաքրքիր է դիտարկել, որ ինքնակազմակերպման դրսևորումներ տեղի են ունենում ինչպես քրիստոնյա, այնպես էլ կրոնափոխ և արդեն կրոնադարձ հայության շրջանում։ Հատկապես վերջիններիս պարագայում խնդիրն ունի մի քանի շերտ, և կարող ենք փաստել, որ ինքնության, ազգային ակունքների վերագնահատման անհատական փորձերն այսօր առավել «ինստիտուցիոնալ» բնույթ ստանալու միտումներ են դրսևորում։

Արևմտյան Հայաստանի հայության ինքնակազմակերպման այդպիսի դրսևորումներից պետք է համարել վերջին շրջանում ինքնաբուխ, երբեմն էլ թուրքական իշխանությունների լուռ համաձայնությամբ ստեղծվող հայրենակցական միությունները։ Հայտնի է, որ հայրենակցական միությունները բավական մեծ տարածում ունեն հայության իրականությունում, սակայն հենց Արևմտյան Հայաստանում ապրող հայերիխոստովանությամբ՝ այդպիսի կազմակերպությունները որոշակիորեն նորություն են իրենց համար։ Ընդամենը տարիներ առաջ սկիզբ առած գործընթացն այսօր զարգացման ուղի է բռնել, և կարելի է ասել, որ հայրենակցական միությունները հետզհետե սկսում են ավելի լուրջ դեր խաղալ բնիկների իրականության մեջ։ Այսպես, մի քանի տարի առաջ ստեղծվել է «Մուսա լեռան հայրենակցական միությունը», այնուհետև՝ «Մալաթիայի հայերի միությունը», որոնք քրիստոնյա հայության կամ, այսպես կոչված, պաշտոնական համայնքի անդամներից բաղկացած կազմակերպություններ են։Հայրենակցական միությունների կազմավորման խնդրի համատեքստում բավական նշանակալի զարգացում կարելի է համարել «Սասունցիների միության» ստեղծումը, քանի որ դրա կազմի մեջ կան ինչպես քրիստոնյա, այնպես էլ մեծ թվով կրոնափոխ և կրոնադարձ հայեր։ Սա Արևմտյան Հայաստանի  կրոնափոխ հայերի խմբեր ընդգրկող, թերևս, առաջին հասարակական կազմակերպությունն էր։ Նկատենք նաև, որ այս կազմակերպությունը և վերջինիս նախագահ Ազիզ Դաղջըն մի քանի համարձակ հայտարարություններ ու քայլեր արեցին Սասունում և հարակից տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։