2020թ․-ի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Շուշիի մատույցներում բաքվի զինված ուժերը խոցել են «ՈւԱԶ» մակնիշի, ինկասացիայի զրահապատ մեքենա: Մեքենայի մեջ չորս զինվորական է եղել,որոնցից մեկը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանն էր։ Գնդապետ Հովհաննես Ավագյանը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2020թ․-ի հուլիսի 4-ին: Նա սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի առաջին օրվանից տարբեր առաջադրանքներով եղել է ռազմաճակատի թեժ կետերում՝ Մատաղիսում, Մարտակերտում, Ջրականում, Հադրութում, Մարտունիում, Շուշիում: Հովհաննես Ավագյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման։

Հովհաննես Ավագյանի գործառույթն էր  պատերազմի օրերին զորքերին դիմավորել, միացնել, տեղավորելը։ Սեպտեմբերի 27-ին, Մատաղիսի զորամասում են եղել, հետո Թալիշում՝ 2 օր։ Թալիշը գրավելուց հետո հետ են եկել Մատաղիս, այնուհետև՝ գնացել Հադրութ։ Հադրութում՝ Թութակներում, հրամանատարի տեղակալը միացել է և ամբողջ ընթացքում ուղեկցել է ինժեներական ծառայության սպա, կապիտան Նելսոն Բալայանը։ Այնտեղ մեր մեքենան վնասվել է գնդակոծությունից: Երբ արդեն բաքվի զորքերը վերցրել էին Հադրութ քաղաքը, Ավագյանը գնաց Ստեփանակերտ, որտեղ նրան տրամադրեցին ինկասացիայի «ՈւԱԶ» զրահապատ մեքենա։ Հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում Հովհաննես Ավագյանին հանձնարարեցին Գանձասարի ճամփից ՀՀ ոստիկանական զորքերին դիմավորել և տանել Քարին Տակ։ Էդտեղից նրանք  գնում են Կարմիր գյուղ: Վարորդի խոսքով՝ Հովհաննես Ավագյանին նոյեմբերի 5-ին Կարմիր գյուղում կապի միջոցներով տեղեկացնում են, որ նույն օրը ադրբեջանական մի խումբ՝ բանտի տակի ճանապարհով, ներթափանցել է Շուշի։ Հրամանատարի տեղակալը՝ Ավագյանը, գլխավոր շտաբից հանձնարարություն է ստանում դիմավորել նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան՝ ժամը 4։30, «Մազի կամուրջ» կոչվող տեղամասում 6-րդ պաշտպանական շրջանից երկու վաշտի և միացնել Շուշիի մերձակայքում գտնվող Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ տանկային բրիգադին՝ Շուշիիում համատեղ գործողություն իրականացնելու համար:

Հարձակումը պետք է լիներ երկու ուղղությամբ: Մի խումբը տանկերի հետեւից պետք է շարժվեր դեպի Շուշի, մյուս խումբը, Շուշիի մուտքի գազալցակայանից ճանապարհը մաքրելով թշնամու ստորաբաժանումներից, պետք է հասներ Քարին Տակի խաչմերուկ: Վաշտերին թողնելով նշված վայրում՝ Ավագյանը վերադառնում է Ստեփանակերտ։ Գլխավոր շտաբ ներկայանալուց հետո՝ նույն օրը, իրեն՝ վարորդին և ինժեներական ծառայության սպա, կապիտան Նելսոն Բալայանին Հովհաննես Ավագյանն ասում է, որ Հոսպիտալի շտապօգնության մեքենայի հետ պետք է գնան Շուշիի ճանապարհից վիրավորներ հանելու։ Հովհաննես Ավագյանի վարորդ Հարություն Բաբայանը պատմում է, որ հասնելով տանկի հուշարձանի մոտ՝ սկսվել է գնդակոծություն:

«Տանկի մոտ մեր զորքերն էին, հակառակորդը ձախից՝ Շուշիի բանտի մոտից, կրակում էր։ Ավագյանը կարգադրեց՝ իջնեմ մեքենայից, Շտապօգնության մեքենայի հետ սպասեմ, երբ կանչի, Շտապօգնության մեքենայով առաջանանք: Ինքը՝ ինկասացիայի «ՈւԱԶ»-ով, ղեկին՝ Նելսոն Բալայանը, առաջ գնացին: 15 րոպե անց «ՈւԱԶ»–ը հետ եկավ, դիմապակին արդեն խոցված, մեքենայի տարբեր հատվածնրում՝ կրակահերթի հետքեր, հետևի անիվն էլ թողում էր։ Ռուբեն Հայրապետյանի տնից էին կրակել, վիրավորներ հանելուց։ Ավագյանը ասեց՝ անիվը փոխի, ես պահեստային անիվը հանեցի, փոխեցի, Նելսոնն էլ նստեց սկոռու մեքենայի մեջ և գնացին վիրավոր հանելու։ Անիվը փոխում եմ, ասում եմ՝ էլ պահեստային անիվ չունենք, դիմապակին էլ ջարդված է, եկեք, իջնենք քաղաք `Ստեփանակերտ։ Ասեց՝ դու չես որոշողը, հեսա որ Շտապօգնությունը գա, դու իրա հետ կիջնես Ստեփանակերտ»,- պատմում է Հարություն Բաբայանը։

Վարորդին Ստեփանակերտ ճանապարհելուց հետո Ավագյանը, կապիտան Նելսոն Բալայանի հետ ինկասացիայի «ՈւԱԶ»-ով շարունակում է ճանապարհից վիրավորներ հանել՝ հասցնելով տանկի հուշարձանի մոտ կանգնած Շտապօգնության մեքենաներին։

Կեսօրից հետո Հովհաննես Ավագյանը ինկասացիայի «ՈւԱԶ»-ով մտնում է Շուշի՝ քաղաքի մեջ: Այդ դրվագի մասին պատմում է Արսեն Հարությունյանը: Նա այդ ժամանակ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի թիկունքի պետն էր:

«Մեր խնդիրը, նոյեմբերի 6-ին որ եկել ենք «Մազի կամուրջի» մոտ, պետք է լիներ հետևյալը՝ երկու տանկ պետք է գար: Մի տանկի հետեւից ՊԲ Հատուկ ջոկատայինները պետք է մտնեին Շուշի ու գային միանային Շուշի-Քարին Տակ խաչմերուկում մեր զորքին, իսկ մենք` դեսանտագրոհայինների գումարտակի զինվորներով, մյուս տանկի հետեւից ներքեւի ճանապարհով պետք է գնայինք, միանայինք իրենց։

Մեկ տանկը եկավ, հատուկ ջոկատայինների խումբը, տանկի հետևից առաջացավ դեպի ձախ՝ Շուշի քաղաքի գլխավոր մուտքով, թշնամու կրակահերթերի միջով կարողացան առաջ գնալ:

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ի կողմերը, «Մազի կամուրջ»-ի մոտ հանդիպեցի հրամանատարի տեղակալ Ավագյանին, նա դիմավորում էր 60-70 հոգանոց ԵԿՄ-ի խմբին, որին Խնուշինակից ուղեկցել, բերել էր 212 ԶՄ-ի նախկին հրամանատար պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը։

ՊԲ hրամանատար Միքայել Արզումանյանը Ավագյանին կապով տեղեկացրել է, որ Շուշի մտած մոտ 20 հոգանոց ՊԲ սպեցնազի խումբը Շուշիի մզկիթում շրջափակման մեջ է հայտնվել, պետք է գնալ փոխօգնության։ Նախարարի տեղակալը որոշում է կայացնում զրահապատ ինկասացիայի մեքենայով մտնել  Շուշի: Հինգ հոգով՝ մեքենան վարում էր Նելսոն Բալայանը, Հովհաննես Ավագյանը նստած էր դիմացը, հետևում նստած էինք ես, Մանվել Գրիգորյանը, Դեսանտագրոհային գումարտակի այդ պահին հրամանատար Գևորգ Դանելյանը:

Մտել ենք Շուշի, ճանապարհին մեքենան ինտենսիվ գնդակոծվում էր: Հասանք մզկիթի դիմացի շենքի մոտ,մեքենայից իջանք, մտանք շենք: Մեր սպեցնազի խմբի հետ կապ չէր լինում հաստատել։ Կապվեցինք ՊԲ հրամանատարի հետ, իմացանք, որ սպեցնազը մզկիթում չի արդեն, կարողացել են դուրս գալ քաղաքից  դեպի Քարին Տակի խաչմերուկ։ Մենք էլ դուրս եկանք շենքից: Մեր «ՈւԱԶ»-ի բոլոր անիվները ծակված էին, նստեցինք մեքենան և այդպես, մի կերպ կարողացանք Ղազանչեցոց եկեղեցու մոտով հասնել Քարին Տակի խաչմերուկ»,- պատմում է  Հարությունյանը։

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ին, ինկասացիայի մեքենան Քարին Տակի խաչմերուկում է եղել, Հովհաննես Ավագյանը, կապիտան Բալայանը մնացել են մեքենայի մոտ, մնացածները գնացել են իրենց ստորաբաժանումների մոտ։

Արսեն Հարությունյանի վկայությամբ՝ Քարին Տակի խաչմերուկում կենտրոնացած են եղել տարբեր ստորաբաժանումներ՝ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակից 20 հոգի, Եղնիկներից, Ստեփանակերտի ՊՇ-ի (ՑՈՐ-ի) հակատանկայինները, Տանկային բրիգադի հետախուզական դասակը, առաջին ՊՇ-ի (Հադրութի) 5-րդ գումարտակից 60-70 հոգի։

ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանը, կապիտան Նելսոն Բալայանի հետ գիշերը մնացել են մեքենայի մոտ։ Խաչմերուկը ամբողջ գիշեր գնդակոծվել և հրետակոծվել է, զոհեր և վիրավորներ են եղել։ Նոյեմբերի 7-ի առավոտը կրակի ինտեսիվությունը մեծացել է, թշնամու կողմից դիտարկվող մաս է եղել, որտեղ եղել են վիրավորներ,  Ավագյանը, Նելսոնի հետ իրենց մեքենայով այդտեղից վիրավորներ է դուրս բերել դեպի չդիտարկվող մաս, որտեղ Շտապօգնության մեքենան է կանգնած եղել։

Կապիտան Նելսոն Բալայանի, ավագ լեյտենանտ Անդրեյ Մելքումյանի, կապիտան Մխիթար Մելքումյանի և  Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանի աճյունները հնարավոր է եղել դուրս բերել 2020թ․ նոյեմբերի 9-ի զինադադարից հետո միայն՝ նոյեմբերի 13-ին։