Ախալքալաքի մունիցիպալիտետի փոքրիկ Մոդեգամ գյուղը դատարկվում է։ Վատ ճանապարհները, գազի, խանութների բացակայությունը և շատ այլ հանգամանքներ ստիպում են երիտասարդներին լքել գյուղը, իսկ ավագ սերունդը կորցրել է հույսը: Մոդեգամ գյուղում ապրում է 32 ընտանիք, հիմնականում տարեցներ։ Գյուղում ընդամենը 2-3 երիտասարդ ընտանիք կա։ Գյուղում չեն հիշում, թե վերջին հարսանիքը երբ է եղել: Գյուղական դպրոցն ութամյա է, ունի ընդամենը 5 աշակերտ և 8 ուսուցիչ։

Ձմռանը ճանապարհը հաճախ է ձյունը փակում, սակայն բնակիչներն արդեն սովոր են դրան։ Նրանք երազում են բնական գազի մասին։ Քաղաքապետի ներկայացուցիչ Գարիկ Չախալյանի խոսքով, եթե գյուղում բնական գազ լիներ, միգրացիան հնարավորիս կնվազեր: Մունիցիպալիտետի հյուսիսային մասում գտնվող փոքրիկ, հեռավոր գյուղը դատարկվում է, բնակիչները չեն ափսոսում, որ թողնում են իրենց տները, քանի որ ուզում են գոնե տարրական պայմաններ ունենալ։

Jnews.ge