Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է BBC-ի ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությանը, թե Արցախի իշխանությունները հակված են համաձայնել Ակնայի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով Բաքու-Արցախ հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, Բաքուն, սակայն, մերժել է դրանք:Հավելենք, որ ցանկացած հանդիպում Բաքվի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։Ինչ վերաբերում է Ակնայի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։