Սասունցիների միությանը հաջորդեց «Դերսիմի հայերի միության» ստեղծումը` դերսիմցի Միհրան Փրկիչ Գյուլթեքինի նախագահությամբ։ Այս կազմակերպությունը լրատվական դաշտում լայն անդրադարձների արժանացավ։ Դերսիմահայերը նույնպես առաջնային են համարում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները, սակայն ավելի համարձակ հայտարարում են, որ միությունը ներառում է Դերսիմի տարածքում բնակվող բռնի կրոնափոխված, հաճախ ալևիականություն ընդունած հայությանը։ Հարկ է շեշտել նաև, որ հատկապես դերսիմցի հայերի շրջանում բավական հաճախ հանդիպում են իրական հայկական ինքնության վերադարձի կամ դրա մասին բարձրաձայնելու դեպքեր, որոնք լայնորեն տեղ են գտնում թուրքական և արտասահմանյան մամուլում։ Նկատենք նաև, որ քրիստոնյա հայերից կազմված հայրենակցական միությունները ևս ակտիվորեն հետաքրքրվում են բռնի իսլամացված հայերի խնդիրներով, և, օրինակ` «Մալաթիայի հայերի միությունը» վերջերս հայտարարեց, որ բազմաթիվ այլ միջոցառումներին զուգահեռ, պատրաստվում է կրոնափոխ հայերի մասին բազմակողմանի աշխատանք տանել։