Սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանն առանձին զրուցեց երկու որդիների հետ։ Այդ օրը սովորականից երկար մնաց նրանց սենյակում։ Երբ պատրաստվում էր քնել, կնոջը՝ Աննային, ասաց, թե «մի հատ էլ էրեխեքին գնամ տեսնեմ, գամ»։ Դրա նախորդ օրը զորամասից տագնապ էին տվել։ Փոխգնդապետն արդեն հասկացել էր, որ իրավիճակը սահմանին լարված է։

Սեպտեմբերի 27-ի լուսադեմին զորամասում նորից տագնապ էին տվել։ Փոխգնդապետ Մանուկյանն  արագ գնացել էր զորամաս։ Անդրանիկ Մանուկյանը  Թալինից էր։ Արմատներով Մուշից։ Անդրանիկն  ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Հադրութում։  2010 թ․ Անդրանիկը ծառայության տեղափոխվեց Երեւան։ Զորամասերից մեկում ծառայելուց հետո 2018-ի տարեվերջին տեղափոխվել էր խաղաղապահ ուժեր։ 44 օրյաի ժամանակ  Անդրանիկն սկզբից «Եղնիկներում» էր, մարտերի է մասնակցել այնտեղ, ապա ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով տեղափոխվել է Ջրական։ Այստեղ շրջափակման մեջ էին հայտնվել։ «Հրաշքով դուրս են եկել շրջափակումից։ Իր հետ 40 հոգու հանել է շրջափակումից ու ոտքով հասել են Հադրութ»,- պատմում է կինը։ Փոխգնդապետ Մանուկյանի վերջին մարտը եղել է Դրախտիկ-Սղնախ հատվածում հոկտեմբերի 21-ին։

Դեպքի մասին ընտանիքն իմացել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին։ կինը  ասում է՝ երեկոյան մարդկանց գալուց վատ զգացողություն ունեցավ, հասկացավ, որ մի բան եղել է։ Այդ օրն Անդրանիկ Մանուկյանի անունը հայտնվել էր զոհվածների անվանացանկում։ Հետո ընտանիքին մարտական ընկերներից ասել էին, թե Անդրանիկին ոչ ոք մահացած չի տեսել, հնարավոր է՝ նա փրկված լինի։ Հույսն ապրեց մինչեւ նոյեմբերի 24-ը, երբ փոխգնդապետի մարմինը բերեցին։