ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզական պատվիրակության կազմում փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը: 51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել է ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ է տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել է բրոնզե մեդալակիր: