Օգոստոսի 26-ին, ժամը 19:00 Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, այն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, օգտագործել բացառապես ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ … ), որպեսզի մեր կարևոր ներդրումն ունենանք հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում: Փառատոնի բացօթեա լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, թվով 400 և ավել մասնակից-արտիստ: Այս տարի Փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/ , «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին» խմբերը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Փառատոնին՝ իր կարևոր մասնակցությունն է ունենալու նաև Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը: