Վերջերս Արևմտյան Հայաստանի հայրենակցական միությունների շարքը համալրվեց ևս մեկով. ստեղծվեց համշենցիների առաջին հայրենակցական միությունը` բավական խոսուն անվամբ` «Հատիկ»։ Իմիջիայլոց, այս անվանումը հարուցել է թուրքական համապատասխան կառույցների տարակուսանքը, և միության նախաձեռնողները դա ներկայացրել են որպես թուրքերեն հապավում։ Հարկ է նկատել նաև, որ համշենցիների հայրենակցական միության մեջ ընդգրկված են ինչպես իրենց հայկական էթնիկ պատկանելությունն ընդունողներ, այնպես էլ դա արտաքուստ մերժողներ։ Համշենահայերի հայրենակցական միության նախաձեռնողների խմբի մեջ հատկապես ակտիվ են համշենական «Վովա» երաժշտական խմբի հիմնադիր Հիքմեթ Աքչիչեքը և փաստաբան Քյամիլ Մութին։ Միության մեջ ընդգրկված են համշենցիներ Կոստանդնուպոլսից, Համշենից, Արդվինից, Անկարայից։ Ինչպես հայտարարում են կազմակերպիչները, միության ստեղծման նպատակը համշենական մշակույթի և լեզվի պահպանումն է, որպեսզի թույլ չտան, որ. «համշենական լեզուն ու մշակույթը կամաց-կամաց անհետանան ուրբանիզացիային զուգահեռ»։ Հետաքրքիր է դիտարկել, որ հենց իրենք` համշենահայերը, որոշակիորեն ուշացած են համարում իրենց միության ստեղծումը, քանի որ Սև ծովի տարածաշրջանի այլ ժողովուրդներ, օրինակ` մուսուլման վրացիները (գյուրջյու), լազերն արդեն վաղուց ունեն նմանատիպ կառույցներ։ Ինչպես մնացած հայրենակցական միությունները, համշենցիները ևս շեշտն առավելապես դնում են մշակույթի, լեզվի պահպանման վրա, սակայն, այնուամենայնիվ, չեն կարող խուսափել ինքնության և պատմական հարցերից։ Եթե այս միությունը դառնա հարթակ Համշենի բարբառի, մշակույթի ուսումնասիրման համար, ապա դա անպայմանորեն հանգեցնելու է նաև համշենցիների էթնիկ ծագման հարցի քննարկմանը։ Այս առիթով միության կազմակերպիչներից Քյամիլ Մութին նկատում է. «Նախ պետք է անհետացող մշակույթս, վերացող լեզուս պահպանեմ, որպեսզի պատմությունս ուսումնասիրեմ»։ Գաղտնիք չէ, որ Օկուպացված Արևմտյան Հայաստանի համշենցիները, գտնվելով թուրքական պետական մեքենայի և քարոզչության բիրտ ճնշման տակ, մեծ մասամբ խուսափում են անդրադառնալ և բացահայտ ընդունել իրենց հայկական ծագումը։ Ավելին` համշենցիների շրջանում իրենց հայկական կամ «համշենական» ծագումն ընդունողների կողքին կան անգամ մարդիկ, որոնք հայտարարում են, թե իրենք թուրք են։ Սակայն համշենական մշակույթի և Համշենի բարբառի նկատմամբ նրանք գրեթե բոլորն ունեն նույնական վերաբերմունք և ձգտում են պահպանել այդ ամենը։ Համշենահայերի «Հատիկ» միությունը, առաջնային հռչակելով համշենական մշակույթի և լեզվի պահպանումը, կարող է համախմբել վերը նշված բոլոր խմբերին, և այս առումով նմանատիպ միության հիմնադրումն, իրոք, պետք է համարել լուրջ առաջընթաց։ Նկատենք նաև, որ համշենական մշակույթը և բարբառը կրողները, ծանոթանալով ընդհանուր հայկական մշակույթի առանձին տարրերի և հայոց լեզվի հետ, անպայմանորեն բախվելու են իրենց էթնիկ ծագման հարցի հետ, ինչի պատասխանն այդ պարագայում ավելի հստակ է լինելու նրանց համար։