Արդեն երկար տասնամյակներ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության փաստի եւ դրա միջազգային ճանաչման դեմ թուրքական կառավարությունը պայքարում է ոչ միայն քաղաքական, այլեւ գիտական ոլորտում: Հարկ է շեշտել, որ թուրքական պաշտոնական պատմագրություն կոչվածը, ըստ էության, նույնական է պատմության խեղաթյուրմանը, հատկապես, երբ խնդիրը վերաբերում է Հայերի դեմ իրականավրած ոճռագործությանը կամ Արևմտյան Հայաստանի հայերի հարցի: Պատմությունը նորովի եւ իրենց հարմար ձեւով կերտելու, այսինքն` կեղծելու հանձնարարականը թուրքական պատմագրությանը տրվել էր Թուրքական պետության հիմնադրի` Քեմալ Աթաթուրքի կողմից, եւ այդ հարցը գտնվում էր նրա անմիջական վերահսկողության ներքո: Հայության դեմ թուրքական պատմագիտական հարձակումը հատկապես ակտիվանում է 1965 թվականից հետո, եւ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս: Ներկայում եւս Հայերի դեմ իրականացրված ցեղասպանության հարցը թուրքական պատմագրության թիվ մեկ խնդիրն է, որի ուղղությամբ այն իրականացնում է համակարգված քաղաքականություն: Թուրքական պատմագրությունը յուրօրինակ կերպով է ներկայացնում հայերին, հայերի ապրած կյանքը Օսմանյան կայսրությունում և Հայկական հարցի առաջացումը։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ, ըստ թուրքական պատմագրության, հայերը և թուրքերը մինչև 19-րդ դարը որևէ խնդիր չեն ունեցել, ամեն ինչ սկսվել է 19-րդ դարի վերջին քառորդում, երբ մեծ տերությունները օգտագործել են հայ ժողովրդին իրենց իսկ քաղաքական խնդիրները առաջ մղելու նպատակով, իսկ հայերն էլ, որոնք մինչ այդ համերաշխ էին ապրում Օսմանյան կայսրության տարածքում, 1877-1878 թթ. ռուսթուրքական պատերազմի ընթացքում առաջին անգամ խռովություններ են բարձրացրել պետության դեմ։ Ամենևին հարկ չկա թվարկել 1299-ից (Օսմանյան կայսրության հիմնադրման տարեթիվն է, չնայած, որոշ պատմաբաններ, վիճելի են համարում այս տարեթիվը,) մինչև 1878 թվականը տեղի ունեցած մեծ ու փոքր հայ-թուրքական բախումները, ճակատամարտերը, թշնամանքի այլ դրսևորումները, որ հնարավոր լինի մերժել այդ՝ ակնհայտ կեղծ տեսակետը։ Դեռևս 16-րդ դարում տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմների ընթացքում հայ ժողովրդի կրած վնասները, Դավիթ Բեկի, Եսայի Հասան Ջալալյանի և Մխիթար սպարապետի ղեկավարած ազատագրական շարժումները Սյունիքում և Արցախում, 1724թ. թուրքերի ներխուժելը Արարատյան դաշտ, Կարբի գյուղի 40-օրյա հերոսական ինքնապաշտպանությունը։