2020-ի նոյեմբերի 7-ի առավոտյան 8։15-ին Կարեն Միրզոյանը Շուշիի մատույցներից զանգահարել է հորը և ասել, որ ավտոմեքենայի են սպասում, պետք է իջնեն ներքև, սակայն մեքենան այդպես էլ չի եկել, որովհետև Կարենն իրենց 8-հոգանոց դասակի ընկերների հետ արդեն իսկ վիրավոր վիճակում ընկել է շրջափակման մեջ։ Կարենն ու դասակի 5 տղաները զոհվում են Շուշի տանող ճանապարհին։ Կարեն Միրզոյանը ծնվել է 2000 թվականին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ 2019թ․ հունվարի 25-ին զորակոչվել է բանակ, ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակի Կենտրոնական պաշտանական շրջանում (հայտնի է որպես Ստեփանակերտի ՑՕՐ զորամաս)։ Լավ ծառայության համար 6 ամիս անց Կարեն Միրզոյանը կրտսեր սերժանտի կոչում է ստանում և դառնում հակատանկային դասակի հաշվարկի հրամանատար։
Պատերազմի հենց առաջին օրվանից Կարենենց հակատանկային դասակը սկսում է մասնակցել մարտական գործողություններին ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում՝ Վարանդայի Կարախանբեյլի կոչվող տեղամասում։ Այստեղ նրանք մնում են մինչև հոկտեմբերի 24-ը։ Այդ օրը հերթափոխ է տեղի ունենում, դասակին հանգստանալու համար տեղափոխում են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս։ Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 29-ին, Կարենենց դասակը կրկին մտնում է մարտերի մեջ, այս անգամ արդեն Քարին Տակ գյուղի մատույցներում։ Նոյեմբերի 4-ի գիշերը Քարին Տակում գտնվող պահեստազորը սկսում է նահանջել գյուղից։ Կարենենց դասակը նույնպես դուրս է գալիս այնտեղից և տեղակայվում Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի մատույցներում։ Հետագայում Կարենի հարազատները նրա հրամանատարներից իմացել են, որ դասակը հայտնվել է շրջափակման մեջ, տարբեր կողմերից Կարենենց դասակն ու այդտեղ գտվնող մյուս զորքերը հայտնվել են ադրբեջանցիների կրակի տակ։
Արթուր Միրզոյանի խոսքով՝ այդ ընթացքում Կարենն արդեն իսկ վիրավոր է եղել, նրա հետ նույն վայրում են եղել նաև դասակի տղաներից Նարեկ Բադալյանն ու Մհեր Հարությունյանը։ Նարեկը այդ ծանր վիճակում կարողացել է զանգել հորեղբոր տղուն ու ասել, որ շրջափակման մեջ են, դուրս գալու ձև չկա, իրենք էլ վիրավոր են։ Ասել է, որ իրենք իրենց կրակելու են, որ գերի չընկեն։ Ու էդպես էլ եղել է, Կարենի մարմինը որ տեսանք, բացի վիրավոր տեղերից, ծնոտի տակից ավտոմատի կրակոցի տեղ կար։
Կարենի աճյունը հարազատներին է հանձնվել 2020թ․ նոյեմբերի 16-ին Մարտունի քաղաքի դատաբժշկական կենտրոնից։ Նա հուղարկավորվել է Ագարակ քաղաքում։ Կրտսեր սերժանտ Կարեն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է Արցախի
Հանրապետության Արիության և Մարտական ծառայության մեդալներով։